Բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը ոչ թե հարյուր փորձագետի է աշխատանքից ազատել, այլ խոսքը ընդամենը 12-13 աշխատակցի մասին է: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Բնապահպանության նախարարի մամուլի քարտուղար Թեհմինա Արզումանյանը:
Նա նշեց, որ դրանք մարդիկ էին, որոնք գրանցված էին տարբեր ՊՈԱԿ-ներում, նախարարության տարբեր ստորաբաժանումներում եւ նրանց աշխատանքը կատարում էին նախարարության աշխատակիցները: «Նախարարության աշխատակիցները արդեն իսկ իրականացնում էին այդ գործառույթները եւ արհեստականորեն ունենալ փորձագետ, որը հնարավոր է ամիսը մեկ կամ երկու անգամ կարծիք հայտնի, նախարարը նպատակահարմար չի գտել»,- ասաց մամուլի քարտուղարը:
Նշենք, որ «Ժողովուրդ» թերթը գրել էր, թե այն օրվանից, երբ Արամայիս Գրիգորյանը նշանակվեց ՀՀ բնապահպանության նախարար, նրա աշխատանքի արդյունքներն առայժմ զգացվում են նախկին նախարար Արամ Հարությունյանի կադրերից ազատվելու դրսևորումներով: «Ժոդովուրդ»-ի տեղեկություններով՝ նոր նախարարը 100-ից ավելի փորձագետների է հեռացրել, ովքեր նշանակված են եղել նախարարության տարբեր վարչություններում, բաժիններում: Թերթին հայտնի է դարձել, որ այդ փորձագետներին նախկին նախարարը նշանակել է հստակ նպատակով որպեսզի ամենուր վերահսկողություն ունենա: Ու քանի որ գործադիր մարմնի աշխատակիցներն ընտրվում են հիմնականում քաղծառայության քննությունների միջոցով ուստի Ա. Հարությունյանը քաշքշուկներից խուսափելու, ինչպես նաև իր ցանկալի և ոչ պրոֆեսիոնալ մարդկանց անհրաժեշտ տեղում նշանակելու համար գտել է բավականին հեշտ տարբերակ, նրանց պարզապես ձևակերպել է որպես փորձագետ:





























