Էստոնիան եւ ՆԱՏՕ-ի եւս 6 երկրներ պայմանավորվել են արագ արձագանքման համատեղ ուժեր ստեղծելու մասին, հայտնում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը:
Միավորված Էքսպեդիցիոն ուժերի կազմում կընդգրկվեն Մեծ Բրիտանիան, Էստոնիան, Լատվիան, Լիտվան, Դանիան, Նորվեգիան եւ Նիդեռլանդները: Զորքերի հրամանատարն է լինելու Մեծ Բրիտանիան:
Արագ արձագանքման միացյալ ուժերը Էստոնիային լավ հնարավորություն են ընձեռում շարունակել աշխատանքը Մեծ Բրիտանիայի եւ մարտական եղբայրության մյուս դաշնակիցների հետ սերտ համագործակցությամբ», - հայտարարել է Էստոնիայի պաշտպանության նախարար Սվեն Միքսերը: Նա նշել է, որ նման զորքերի ստեղծումը կբարձրացնի դեպքերին արձագանքելու ՆԱՏՕ-ի ունակությունը:
Համաձայնագրի ստորագրումից հետո կսկսեն միավորված Էքսպեդիցիոն ուժերի կառուցվածքի շուրջ բանակցությունները:
Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը արդեն հայտարարել է, որ Մեծ Բրիտանիան պատրաստ է 3,5 հազար մարդ տրամադրել ՆԱՏՕ-ի արագ արձագանքման խմբի համար:
Ըստ նրա՝ այդ խումբը ՆԱՏՕ-ի արձագանքման բարեփոխված ուժերի բաղադրիչ կդառնա՝ Լեհաստանի գրասենյակով եւ արեւելյան դաշնակիցների տարածքում առաջատար կետերով:





























