Ֆինանսների նախարարության նախաբացթողումային հսկողության վարչությունը Մեղրիի մաքսակետում 2014-ի հունվար-օգոստոս ամիսների ընթացքում մաքսային կանոնների խախտման 12 դեպք է հայտնաբերել, որոնց մեջ գերակշռել են թմրամիջոցի ապօրինի տեղափոխման փորձերը:

ՀՀ ՖՆ տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են, թե

հունվարին բեռնատարի կցորդում հատուկ հարմարեցված թաքստոցից շուրջ 1 տոննա «հերոին» տեսակի թմրամիջոցի բացահայտումից հետո վարչության աշխատակիցները շարունակել են հետեւողական վերահսկողությունը` կանխելով մի շարք այլ  փորձեր:

Ընդհանուր առմամբ Մեղրիի մաքսակետով 11 դեպքով հայտնաբերվել է ավելի քան 3կգ թմրամիջոց: Հիմնականում Իրանի քաղաքացիներ, դիմելով տարբեր հնարքների, գրպանում, դրամապանակում, ուղեբեռում, ճամպրուկում թաքցրած փորձել են տարբեր տեսակի թմրամիջոցների նմանվող զանգվածներ ներկրել: Վարչության աշխատակիցների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումներով օրերս էլ Իրանի մի քաղաքացու պայուսակից հայտնաբերվել է մաքսային հսկողությունից թաքցված, պոլիէթիլենային թաղանթով փաթեթավորված 3 կտոր մուգ շագանակագույն ափիոնանման զանգված` 127 գրամ ընդհանուր քաշով: Մեկ այլ դեպքով էլ Իրանի մի քաղաքացու պատկանող ավտոմեքենայի զննմամբ վարչության աշխատակիցները հատուկ հարմարեցված թաքստոցներից հայտնաբերել են ընդհանուր 2.6կգ մուգ կանաչ գույնի, չոր կանեփանման զանգված եւ ավելի քան 500 գրամ տարբեր տեսակի թմրամիջոցներին նմանվող զանգվածներ: