Վարչապետ Հովիկ Աբրահամյանի մասնակցությամբ «Երեւան-էքսպո» ցուցասրահում բացվել է «Արմենիա էքսպո 2014» ամենամյա տարածաշրջանային ունիվերսալ առեւտրաարդյունաբերական ցուցահանդեսը: Հայաստանի կառավարության եւ անձամբ իր անունից ողջունելով ներկաներին ցուցահանդեսի բացման կապակցությամբ՝ Հովիկ Աբրահամյանը նշել է. «Նմանօրինակ ցուցահանդեսների կազմակերպումը ես դիտում եմ որպես գործնական կապերի հաստատման եւ Հայաստանը միջազգային տնտեսական շուկաներում ներկայացնելու լավագույն հարթակ: Հատկապես կարեւորում եմ դրանց նպաստը մրցակցային դաշտի ձեւավորման գործընթացում:

«Արմենիա Էքսպո» ցուցահանդեսն արդեն իր ուրույն տեղն է զբաղեցրել միջազգային ցուցահանդեսների շարքում՝ շահագրգիռ կողմերի միջեւ ապահովելով համագործակցության բարձր արդյունավետություն»:

Վարչապետն առանձնակի կարեւորել է ցուցահանդեսի անցկացմանը զուգընթաց քննարկումների կազմակերպումը, ինչը եզակի հնարավորություն է ստեղծում հայրենական եւ արտերկրից ժամանած մասնակիցների համար համագործակցության նոր եզրեր գտնելու եւ հեռանկարներ նախանշելու առումով:

Վարչապետը հույս է հայտնել, որ միջոցառման ընթացքում ձեռք բերված պայմանավորվածությունները կվերածվեն երկարաժամկետ եւ փոխշահավետ գործնական համագործակցության:

«Մեր ապագա հաջողություններն ուղղակիորեն կապված են տնտեսության ակտիվացման հետ եւ համոզված եմ, որ նման նախաձեռնությունները տալիս են իրենց արդյունքները: Նման ցուցահանդեսները նպաստում են նաեւ գործարար կապերի հաստատմանը»,- լրագրողների հետ զրույցում նշել է Հովիկ Աբրահամյանը:

Այնուհետեւ վարչապետը շրջել է տաղավարներով, ծանոթացել ներկայացված արտադրատեսականուն, ցուցադրված տեխնոլոգիաներին եւ ինովացիոն համակարգերին:

Ցուցահանդեսին մասնակցում են  հայրենական եւ արտասահմանյան 70-ից ավելի ընկերություններ, որոնք ներկայացնում են Վրաստանը, Ռուսաստանը, Իրանը, Թուրքիան, Լեհաստանը եւ այլն: