Ամերիկացի սենատոր Ջոն ՄաքՔեյնը հերթական անգամ հայտարարել է, որ ԱՄՆ-ն Ուկրաինային պետք է զենք եւ ռազմական հանդերձանք ուղարկի, ինչպես նաեւ օգնի զինվորական կադրեր վերապատրաստելու հարցում, հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»:

«Ես եկել եմ եւս մեկ անգամ վկայելու, որ Ուկրաինան շատ բարեկամներ ունի ԱՄՆ-ում եւ շատերի համար միեւնույնը չէ, թե ինչ է կատարվում այստեղ: Ուստի մենք կարծում ենք, որ Ուկրաինային անհրաժեշտ է օգնություն ցուցաբերել, այդ թվում՝ զենքով եւ հանդերձանքով», - Կիեւի քաղաքապետ Վիտալի Կլիչկոյի հետ հանդիպման ժամանակ ընդգծել է սենատորը: 

Ի պատասխան ճգրտող հարցին՝ կոնկրետ ի՞նչ զենք է անհրաժեշտ մատակարարել Ուկրաինային, ՄաքՔեյնը հայտարարել է, որ խոսքն, առաջին հերթին, հակատանկային սպառազինության մասին է: Մաքեյնի խոսքով՝ հեռանկարում ԱՄՆ-ի օգնությունը պետք է վերաբերի Ուկրաինայի զինված ուժերի համար զինվորականների վերապատրաստմանը:

ՄաքՔեյնը բազմաթիվ անգամներ հանդես է եկել՝ ի պաշտպանություն ուկրաինացի ուժայիններին զենքի մատակարարաման, ինչպես նաեւ վերջինս արեւելքում ՆԱՏՕ-ի ռազմական ներկայությունը ուժեղացնելու ջատագովներից է: