Հայ-ռուսական գումարտակային մարտավարական համատեղ զորավարժությունների հրամանատարը բարձր  է  գնահատում հայկական եւ ռուսական ստորաբաժանումների փոխգործակցության աստիճանը: Նշենք, զորավարժությունները սկսել են  սեպտեմբերի 3-ին եւ կշարունակվեն մինչեւ ամսի 7-ը:

Ուսումնավարժանքների երրորդ փուլի ամփոփիչ մամուլի ասուլիսում  Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Միքայել Գրիգորյանը նշել է, որ  ցանկացած զորավարժություն անձնակազմի պատրաստականության դափնին է:

 «Մարտական պատրաստականության ժամանակ զինվորները եւ սպաները հենց այդպիսի միջոցառումների են պատրաստվում, որոնց ընթացքում ցուցադրում են իրենց վարպետությունը, ընդ որում՝ յուրաքանչյուր զինվոր զորավարժություններին գնահատական է ստանում: Կարծում եմ, որ  ՀՀ եւ ՌԴ անձնակազմերը պատրաստ էին  այս զորավարժություններին, որոնք անցան  բարձր մակարդակով»:

Ուսումնավարժանքներում կիրառված նորույթներից Գրիգորյանը նշել է անօդաչու օդանավերի կիրառումը: «Զորավարժությունների վերլուծություն հրամանատարները դեռ կանեն: Արդյունքները կներկայացնեն ինձ, հետո կտրվի գնահատական: Առայժմ կասեմ, որ հրետանին շատ լավ էր գործում, մոտոհրաձիգները լավ էին գործում, աջ եւ ձախ լանջերում հակահարձակումը պատշաճ մակարդակի էր»: Թերությունները Միքայել Գրիգորյանը առանձին կհայտնի: «Ընդհանուր առմամբ գոհ եմ: Համակարգվածության աստիճանը բարձր է», - ընդգծել է Միքայել Գրիգորյանը:

Լուսանկարը՝ Արսեն Սարգսյանի/NEWS.am