Սեպտեմբերի 26-ին կլրանա Խոսրովի արգելոցի ուղեփակոցի տեսուչ Մխիթար Սեդրակյանի սպանության մեկ տարին, սակայն այդպես էլ հանցագործությունը չի բացահայտվել: Մեր տեղեկություններով` քրեական գործը կասեցվել է, քանի որ հանցագործություն կատարած անձը դեռ չի հայտնաբերվել:
«Խոսրովի արգելոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Հրաչյա Հովակիմյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց, որ թեեւ գործը կասեցրել են, բայց իրավապահները աշխատում են, միջոցներ են ձեռնարկում հանցագործներին գտնելու համար:
Ավելի վաղ մեզ հետ զրույցում Հրաչյա Հովակիմյանը, պատասխանելով հարցին, թե ինչու գործը չի բացահայտվում, ասել էր հետեւյալը.«Ամբողջ խնդիրն այն է, որ մթության մեջ է եղել եւ տեսախիցկները չեն ֆիքսել, ընդամենը ստվերն է արձանագրվել: Երբ որ գիտես, որ մարդը թշնամի ունի, խնդիրներ ունի, ավելի հեշտ է բացահայտելը, բայց սա այնքան պրիմիտիվ է, որ դրանով բարդություններ է ստեղծում, որովհետեւ նա ոչ մեկին վնաս չի տվել, ոչ մեկին վատ բան չի արել: Ես էլ եմ ապշած, որ նման մարդու սպանել են»,- ասաց նա:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ ոստիկանության Արտաշատի բաժնում սեպտեմբերի 26-ին, առավոտյան ժամը 07:05-ին, հաղորդում է ստացվել, որ Խոսրովի արգելոցի 1-ին ուղեփակոցի մոտ սպանություն է կատարվել:
Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ սեպտեմբերի 25-ին, ժամը 20.50-ի սահմաններում, անհայտ անձը նշված վայրում հրազենից մեկ անգամ կրակել է 50-ամյա Մխիթար Սեդրակյանի կրծքավանդակի ձախ հատվածին` պատճառելով մահ: Փաստի առթիվ ոստիկանության Արարատի մարզի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ:




























