Հայաստանի տրանսպորտի եւ կապի նախարար Մանուկ Վարդանյանը հունիսի 18-ին ընդունել է Հայաստանում Իտալիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Բրունո Սկապինիին:
Տրանսպորտի եւ կապի նախարարի մամուլի քարտուղար Սուսաննա Տոնոյանը NEWS.am-ին հայտնել է, թե հանդիպման ընթացքում քննարկվել են մի շարք հարցեր երկկողմ համագործակցության զարգացման հեռանկարների վերաբերյալ, այդ թվում` ճանապարհաշինարարության, երկաթուղու շինարարության, կապի ոլորտի:
Դեսպան Սկապինին տեղեկացրել է, որ մոտ ամիսներին Իտալիան ամբողջությամբ կանցնի թվայնացման, եւ այդ փորձը կարող են կիրառել նաեւ Հայաստանում:
Ըստ դեսպանի` քննարկվում է ոչ միայն հայ մասնագետների Իտալիայում վերապատրաստման, այլեւ փորձի փոխանակման նպատակով իտալական մասնագետների Հայաստան գործուղվելու հարցերը: Դեսպանը նշել է, որ քննարկվում է նաեւ Հայաստանում թվայնացման գործընթացի համար իտալական հայտնի բանկերից մեկի կողմից ֆինանսավորման հարցը:
Դեսպան Բ. Սկապինին հայտնել է, որ ենթակառուցվածքների շինարարությամբ զբաղվող իտալական հայտնի ընկերությունները հետաքրքրված են Հայաստանում ճանապարհաշինարարական ծրագրերով եւ ցանկություն են հայտնել հանդիպել նախարարի հետ: Նախարար Մ.Վարդանյանը նշել է, որ «Հյուսիս-հարավ» ավտոմայրուղու կառուցման ժամանակ փորձագետների անհրաժեշտություն կլինի, եւ հայկական կողմը պատրաստ է յուրաքանչյուր կազմակերպության հետ քննարկել այդ հարցը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ «Հյուսիս-հարավ» երկաթուղու տեխնիկատնեսական հիմնավորման աշխատանքներին իտալական ընկերությունների մասնակցության, ինչպես նաեւ հայ-իտալական համատեղ նամականիշի թողարկման հարցերը:


























