Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների մակարդակով հանդիպումները ռազմական գործողություններից լավ են, եւ մշտապես պետք է սրանից ելնելով գնահատել նման ձեւաչափի հանդիպումները, սեպտեմբերի 5-ին լրագրողներին հայտնել է ՀՅԴ խմբակցության ղեկավար Արմեն Ռուստամյանը՝ մեկնաբանելով Սարգսյան-Ալիեւ-Քերի հանդիպումը:
Ըստ նրա, սակայն, պետք չէ շատ բան ակնկալել, քանի դեռ Ադրբեջանը ներկայանում է որպես «չբանակցող կողմ»: «Ինչպես կարելի է բանակցել մի կողմի հետ, որը չգիտի՝ ինչ զիջումների պետք է գնա: Ադրբեջանական կողմը միակողմանի զիջումներ է նախատեսում հայկական կողմից: Քանի դեռ Ադրբեջանը չի գիտակցել, որ պետք է հարգի Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքը, գործընթացը կձգձգվի»:
Ի պատասխան հարցին, թե արդյոք դրանում մեղավոր են ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրները, Ռուստամյանը նշել է, որ շփման գծում լարվածության պատճառով հավասարապես չի կարելի մեղադրել հայկական եւ ադրբեջանական կողմին, երբ գիտես՝ հաստատ ով է մեղավորն ու հրահրողը: «Կարծում եմ՝ եկել է ժամանակը, որպեսզի միջազգային հանրությունն իրերը կոչի իրենց անուններով եւ հայտարարի՝ ով ով է»,- նշել է Ռուստամյանը:
Խոսելով ԵԱՀԿ ՄԽ համանախագահ երկրների մասնակցությամբ եռակողմ հանդիպումների մասին՝ պատգամավորը նշել է, որ հանդիպումների աշխուժությունոը պարտադրել է հայկական կողմը, երբ հայ զինվորները հետ էին մղել հակառակորդի դիվերսիոն հարձակումները: «Ըստ էության՝ դա եռօրյա պատերազմ էր, որի արդյունքներն Ադրբեջանի ստիպեցին բանակցությունների սեղանի շուրջ նստել, ինչպես որ տեղի ունեցավ 1994 թ.: Առաջին հերթին մեր զինվորներն Ալիեւին ստիպեցին բանակցությունների սեղանի շուրջ նստել»:




























