Խորհրդարանում հնչեցրած հարցերի եւ ելույթների հաճախականության առումով առաջատարն է ՀՀԿ-ն՝ իր 70 անդամներով. 225 հարց եւ ելույթ: Այս մասին սեպտեմբերի 5-ին հայտարարել է «ԱԺ քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի ղեկավար Լուսինե Վասիլյանը՝ ներկայացնելով  5-րդ գումարման 5-րդ նստաշրջանի դիտարկման արդյունքները:

Անդրադառնալով խորհրդարանական խմբակցությունների եւ պատգամավորների ակտիվության ցուցանիշներին՝ նա նշել է, որ այստեղ միտումները գրեթե նույնն են, ինչ եւ նախորդ նստաշրջաններում: «Ըստ հարցերի եւ ելույթների վիճակագրության՝  խորհրդարանում առաջատարը ՀՀԿ խմբակցությունն է՝ 70 անդամով. 225 հարց եւ ելույթ: ՀՀԿ-ի դեպքում աշխուժության գործակիցը կազմում է 3%: Իսկ  փոքր խմբակցությունների դեպքում, օրինակ՝ ՀԱԿ-ի, երբ հարցերի եւ ելույթների ընդհանուր քանակը 150 է, իսկ խմբակցության անդամների թիվը՝ 7, ակտիվության գործակիցը  կազմում է 20%», - ընդգծել է Լուսինե Վասիլյանը:

Զուգադրելով հարցերի եւ ելույթների քանակը խմբակցությունների անդամների թվին՝ նա հավելել է, որ ստացվում է, որ խորհրդարանում ամենաաշխույժը ՀԱԿ-ն է, իսկ ամենապասիվը՝ ԲՀԿ-ն: «Ըստ մեր վիճակագրության՝ ԱԺ 5-րդ նստաշրջանի 5-րդ գումարման ամենաակտիվ պատգամավորը ՀՅԴ-ական պատգամավոր Արծվիկ Մինասյանն է: Խորհրդարանի նիստերից ամենաշատը բացակայող պատգամավորը  շարունակում է մնալ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը», - ընդգծել է Լուսինե Վասիլյանը: Նա նաեւ նշել է, որ  ներկայացված օրինագծերին կողմ քվեարկած ամենաշատ քանակությամբ պատգամավորները, անկասկած, իշխող խմբակցության պատգամավորներն են:  «ՀՀԿ-ի քվեարկության տրամաբանությունը չի փոխվել: Ներկայացված օրինագծերին ամենաշատը դեմ է քվեարկել  Նիկոլ Փաշինյանը», - նշել է Լուսինե Վասիլյանը: