Ուելսում ընթացող ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում տեղի է ունեցել երիտասարդ առաջնորդների համաժողով: Ատլանտյան խորհրդի կազմակերպած համաժողովում մասնակցել է նաեւ Վրաստանի պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան:

Նախարարն իր ելույթում խոսել է Վրաստանին «ուժեղացված փաթեթի» տրամադրման նշանակության եւ Ուկրաինայի իրավիճակի մասին:

«Գագաթնաժողովի շրջանակներում մենք հանդիպում ենք ունեցել ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարի եւ պատվիրակության այլ անդամների հետ: Սկզբնապես զրույցն այն մասին էր, որ Վրաստանը Ուելսի գագաթնաժողովում չի ստանա անդամացկութան գործողությունների պլանը, քանի որ ընթացիկ գագաթնաժողովին ընդլայնում նախատեսված չէ: Մենք ցավում ենք այդ առիթով, հատկապես այն ժամանակ, երբ մեր տարածաշրջանում լարված մթնոլորտ է տիրում: Օրինակ Ուկրաինայում, որտեղ զինված դիմադրություն է ընթանում: Նույն իրավիճակում էր նաեւ Վրաստանը 2008թ.-ին», - հայտարարել է Ալասանիան, հաղորդում է «Վրաստան Online»-ը: