5-րդ գումարման ԱԺ-ի 5-րդ նստաշրջանի ընթացքում ակտիվություն է ցուցաբերվել հատկապես ժամանակավոր հանձնաժողովների ստեղծման տեսանկյունից: Այս մասին սեպտեմբերի 5-ին հայտարարել է «ԱԺ քաղաքական ուժերի օրենսդրական գործունեության մոնիթորինգ» ծրագրի փորձագետ Գոռ Աբրահամյանը:
Նա շարունակել է, որ այդպիսի 5 նախաձեռնություն է եղել, որոնցից 4-ի հեղինակը խորհրդարանում փոքրամասնություն կազմող խմբակցություններն էին: «Խորհրդարանական մեծամասնությունը հիմնականում հանդես է եկել ժամանակավոր հանձնաժողովներ ստեղծելու նախաձեռնությունների տապալողի դերում: Դա, իհարկե, բացասական միտում է, քանի որ հայտնի է, որ ժամանակավոր հանձնաժողովը այն կարեւորագույն ինստիտուտներից է, որը հնարավորություն է տալիս վերահսկել իշխանական մյուս մարմինների գործունեությունը», - նշել է Գոռ Աբրահամյանը:
«Ներկայիս գումարման խորհրդարանը, ըստ նրա, հասցրել է հաստատել կառավարության 3 ծրագիր: «Կարեւոր է նշել մի հանգամանք, որ ԱԺ մեծամասնությունը պաշտպանել է վերջին կառավարության ծրագիրը նույն ոգեւորվածությամբ եւ սկզբունքայնությամբ, ինչպես նախորդ կառավարության ծրագրերը, որոնք բավականին հավակնոտ են եղել», - ընդգծել է Գոռ Աբրահամյանը:





























