Ազատամարտիկները պետք է հանդես գան մեկ դրոշի տակ, այսինքն ունենան մեկ միասնական կառույց: Ազատամարտիկների նորաստեղծ միություններին NEWS.am-ի հետ զրույցում այսպես արձագանքեց «Սասուն» ջոկատի հրամանատար, «Քաղաքացիական պայմանագրի» անդամ Սասուն Միքայելյանը:
«Նորաստեղծ միություններում պատերազմ անցած լուրջ հրամանատարներ կան, ովքեր պայքարում են երկրում բան փոխելու համար: Օրինակ՝ Ռազմիկ Պետրոսյան, Մանվել Եզիազարյան, Սամվել Հովսեփյան, Գագիկ Մելքոնյան: Ի դեմս նման տղաների՝ ազատամարտիկները պետք է համախմբվեն, միանան առողջ ուժերին եւ կարողանան երկրում համախմբվածությամբ հասնել իշխանափոխության: Առհասարակ ազատամարտիկների միավորում չի նշանակում, որ պետք է բարելավվեն ազատամարտիկների սոցիալ-տնտեսական ծանր պայմանները, այլ ընդհանուր երկրում մթնոլորտը եւ ժողովրդի վիճակը փոխելուն միտված աշխատանքներ պետք է կատարեն»,- ասաց նա:
Հարցին, թե հնարավոր է Սասուն Միքայելյանը միանա այդ կառույցներից որեւիցե մեկին, վերջինս զերծ մնաց պատասխանելուց:
Նշենք, որ ԱԺ ԲՀԿ-ական պատգամավորներ Ռուբեն Գեւորգյանն ու Ռուստամ Գասպարյանն ապրիլին ցանկանում էին ստեղծել «Նվիրյալների միություն» ՀԿ, սակայն այն փակվեց ստեղծվելուց մեկ ամիս անց: Ռուբեն Գեւորգյանը պնդում է, որ Գագիկ Ծառուկյանը ոչ մի կապ չունի ձախողման հետ, Ռուստամ Գասպարյանն ասում է, որ այն փորձեցին քաղաքականացնել, կապել ԲՀԿ առաջնորդի անվան հետ, այդ պատճառով էլ այն փակվեց: Այս պահին Ռուբեն Գեւորգյանն ունի «Երդվյալ ազատամարտիկների» միություն, իսկ Ռուստամ Գասպարյանը միացել է Ազատամարտիկների դաշինքին:





























