Հայաստանում ճանապարհային տեսախցիկներ եւ արագաչափեր ներկրող ու շահագործող «Սեքյուրիթի դրիմ» ընկերությունը ոչ մի կառույցի արտոնություններ չի տալիս: Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց ընկերության համահիմնադիր Ալեքսան Զաքարյանը:
«Արտոնություններ մեզ մոտ ոչ մի կառույցի չկա, դա մեզ չի վերաբերում, այսինքն մենք ֆիքսում ենք բացարձակ բոլորին եւ ֆիքսվող համարները փոխանցում ենք ճանապարհային ոստիկանությանը»,-ասաց նա:
Ալեքսան Զաքարյանի խոսքով՝ խախտումը ֆիքսելուց հետո ճանապարհային ոստիկանությունն է որոշում՝ վարչական տույժի արձանագրություն կկազմի, թե ոչ:
Ալեքսան Զաքարյանը նշեց, որ տեսանկարահանող սարքերը ֆիքսում են նույնիսկ հրշեջ եւ «Շտապօգնության» մեքենաների խախտումները, ՃՈ-ն հարցում է կատարում համապատասախան մարմիններ, պարզում է՝ արդյոք այդ մեքենաները աշխատանքի մեջ են գտնվել խախտումն իրականացնելու պահին, թե ոչ եւ որոշում են կայացնում: Արագաչափ եւ տեսանկարահանող սարքերը, նրա խոսքով, գրանցում են նաեւ մոտոցիկլետների եւ ձնագնացների խախտումները:
«Մոտոցիկլետները նույն ձեւի ֆիքսվում են, անգամ մի անգամ ֆիքսվել է սնեգախոդ, միայն նրա խնդիրն այն է, որ համարանիշները հետեւից են»,-ասաց նա:





























