Ճանապարհային տեսանկարահանող սարքերի սխալվելու հավանականությունն այնքան է, որքան մարդունը։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Սեքյուրիթի դրիմ» ընկերության համահիմնադիր Ալեքսան Զաքարյանը:
«Սխալվելու հավանականություն կա, բայց սա ֆիքսելուց հետո 3-4 փուլ անցնում է: Վերջին էտապը ՃՈ տեսուչի հաստատումն է, երբ խախտումն անցնում է բոլոր փուլերով»,- ասաց նա:
Ալեքսան Զաքարյանը նկատեց, որ համակարգը ներդնելուց հետո բավական առաջընթաց կա վարորդների կողմից երթեւեկության կանոնները պահպանելու հարցում: Սարքերի օգնությամբ հնարավոր է դարձել նաեւ ավելի արդյունավետ դարձնել երթեւեկության կազմակերպումը։
«Օրինակ, «Կինոռոսիայի» մուտքը, որտեղ առաջ մի գիծը աջ էր գնում, մյուսը ձախ, տեսանկարահանող սարքը ցույց տվեց, որ ճիշտ կլինի, որ երկուսը ձախ լինի, մեկը աջ»,-ասաց Ալեքսան Զաքարյանը:
«Սեքյուրիթի դրիմ» ընկերության համահիմնադիրի խոսքով՝ օրական Հայաստանի ճանապարհներին տեսախցիկների ու արագաչափերի միջոցով գրանցվում է միջինը 8000 խախտում, որոնցից միայն 40 տոկոսի համար է վարչական տույժի արձանագրություն կազմվում:
«Տեսանկարահանող սարքերով այսօրվա դրությամբ կահավորված է 90 խաչմերուկ, եւ ունենք մոտ 125 հատ արագաչափ»,- ասաց Ալեքսան Զաքարյանը՝ նշելով, որ նոր տեսախցիկների եւ արագաչափերի անհրաժեշտությունը որոշում է Ճանապարհային ոստիկանությունը, իսկ իրենք տեղադրում եւ շահագործում են դրանք:





























