Նոր Նորքի զինկոմիսարիատի զորակոչային բաժանմունքի կցագրման գծով տեսուչ, ավագ ենթասպա Տիգրան Սասունիկի Հովհաննիսյանի խափանման միջոցը փոխվել է, եւ նա ստորագրությամբ ազատ է արձակվել: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց նրա փաստաբանը` Տիգրան Աթանեսյանը: Նա նշեց, որ խափանման միջոցը փոխելու որոշման մեջ գրված է եղել, որ գործով կատարվել են բոլոր անհրաժեշտ գործողությունները եւ այժմ իմաստ չունի նրան արգելանքի տակ պահելու: Փաստաբանը կարծում է, որ քննիչները պարզապես հասկացել են, որ իր պաշտպանյալն անմեղ է եւ ազատ են արձակել: Նա հույս ունի, որ շուտով գործը կկարճեն իր պաշտպանյալի մասով:

Ինչ վերաբերում է գործի շրջանակներում կալանավորված Նոր Նորքի զինկոմ, ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գարեգին Գաբրիելյանի հորաքրոջ որդուն`  Ռաֆայել Զախարյանին, ապա նա դեռ անազատության մեջ է: Գարեգին Գաբրիելյանը NEWS.am-ի հետ զրույցում ասաց հետեւյալը. «Իր փաստաբանն է զբաղվոմ, ես չեմ խառնվում այդ գործին, ի՞նչ իրավունք ունեմ զբաղվել այդ գործով, եթե ասում են, որ զբաղվում է փաստաբանը»: Նա նշեց, որ հորաքրոջ ընտանիքի հետ կապ կա, գնում գալիս են, բայց նրա որդու գործով չի հետաքրքրվում:

Նշենք, որ «Ժողովուրդ»-ը գրել էր, թե Նոր Նորքի զինվորական կոմիսարիատի զորակոչային բաժանմունքի տեսուչ , ավագ ենթասպա Տիգրան Հովհաննիսյանը կալանքից ազատ է արձակվել եւ նրա նկատմամբ հարուցված քրեական գործը շուտով կկարճվի:

Ինչպես թերթն է նշում, պարզվում է այս գործով նոր բացահայտումներ են ի հայտ եկել: Մասնավորապես, ըստ լրատվամիջոցի, նրա վերաբերյալ քրեական գործը կկարճվի՝ հանցակազմի բացակայության հիմքով:

Լրատվամիջոցը մեկնաբանում է, որ գործի՝ դատարան չմտնելու հիմնական պատճառը նշանակված դատաբժշկական փորձաքննություններն են, որոնց եզրակացություններն ստանալը բավական երկար ժամանակ են պահանջում:

Միաժամանակ թերթը նաեւ հավելում է, որ Նոր Նորքի զինվորական կոմիսար Ռ.Զախարյանը ՀՀ ոստիկանության ներքին զորքերի նախկին հրամանատար Գարիկ Գաբրիելյանի՝ Գելի հորաքրոջ որդին է: