Փաստը, որ օրինաստեղծ գործունեության մեջ Հայաստանի գործադիր իշխանության մասնակցությունը 95% է, իսկ խորհրդարանինը՝ 5%, միանշանակ գնահատական է, որ մեր օրենսդիր մարմինը գտնվում է գործադիր իշխանության «կրնկի» տակ: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, ԱԺ-ի 5-րդ գումարման 5-րդ նստաշրջանի գործունեության դիտարկուման ներկայացման ժամանակ հայտարարեց Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը:
Նրա խոսքով՝ սա վկայում է այն մասին, որ խորհրդարանական մեծամասնությունը ինքնուրույն չի գործում եւ ենթարկվում է գործադիրին: «Դրա լուրջ գնահատականը նաեւ այն է, որ խորհրդարանական մեծամասնությունը մոտ 77 օրենք ընդունել է արագ ռեժիմում, որպեսզի պատգամավորները չհասցնեն ծանոթանալ դրանց հետ: Սա իրականում ռեկորդ է», - նշեց Արամ Մանուկյանը:
Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, փաստացիորեն աշխատում է սոսկ «կոճակով», որպեսզի քվեարկի կառավարության կողմից ներկայացվող բոլոր օրինագծերի օգտին: «5-րդ նստաշրջանը մեր անկախ հանրապետության ողջ ժամանակահատվածում առաջին է, երբ քաղաքական մեծամասնությունը պատկանում է մեկ քաղաքական ուժին. Կուսակցության 36 պատգամավորներ գումար են ստանում միայն նրա համար, որպեսզի ոչինչ չխոսեն», - ընդգծեց Հայ ազգային կոնգրեսի խորհրդարանական խմբակցության քարտուղարը:




























