Այս տարի Երեւանի կոնյակի գործարանը նախատեսում է մթերել 37 000 տ խաղող` 2000 տ-ով գերազանցելով իր իսկ կողմից նախորդ տարի արձանագրած մթերման աննախադեպ բարձր ցուցանիշը:
Սեպտեմբերի 5-ին մթերումը մեկնարկեց Այգավանի մասնաճյուղում (Արարատի մարզ), 6-ին կմեկնարկի Արմավիրի մասնաճյուղում (Արմավիրի մարզ) եւ 15-ին` Բերդի մասնաճյուղում (Տավուշի մարզ): Մթերվող խաղողի 1 կիլոգրամի գինը սահմանվել է 150 ՀՀ դրամ Արմավիրի եւ Այգավանի մասնաճյուղերի համար եւ 140 դրամ` Տավուշի տարածաշրջանի համար համապատասխանաբար` անցյալ տարվա 145 եւ 135 ՀՀ դրամի փոխարեն: Յուրաքանչյուր գյուղացի իր կողմից մատակարարված բերքի գումարը կստանա խաղողը հանձնելուց հետո երեքից-չորս բանկային օրվա ընթացքում:
Ավելացնենք, որ այս տարի Երեւանի կոնյակի գործարանը կշարունակի անցյալ տարի մեկնարկած երկարաժամկետ պայմանագրային հիմունքներով համագործակցող խաղողագործների բերքի մթերումը: Այս տարի ընկերության կողմից յոթամյա պայմանագրային ծրագրի շրջանակներում մթերվող խաղողի ծավալը կկազմի ընկերության մթերման ընդհանուր ծավալի մոտ 40 տոկոսը:
Հաշվի առնելով խաղողի մթերման հետզհետե աճող միտումները` ընկերությունը ձեռնամուխ է եղել հզորությունների ընդլայնման ծրագրին: Այսպես, ԵԿԳ-ի Արմավիրի մասնաճյուղում շուտով կավարտվեն թորման նոր արտադրամասի կառուցման աշխատանքները: Նոր արտադրամասը եւս հագեցած կլինի շարանտական տիպի 3 թորման սարքերով:




























