Սիլիկյան թաղամասում տեղադրված արագաչափը երկու ամիս հետո հանել են, քանի որ այդ ճանապարհով միայն Սիլիկյան թաղամասի բնակչությունն էր երթեւեկում, եւ նրանք այլեւս խախտում չէին անում: Այս մասին այսօր՝ օգոստոսի 5-ին, լրագրողների հետ զրույցում ասաց «Սեքյուրիթի դրիմ» ընկերության համահիմնադիր Ալեքսան Զաքարյանը:
«Սիլիկյան թաղամասի բնակչությունը մի շաբաթ, երկու շաբաթ հետո գիտեն, որ այդտեղ արագաչափ կա ու դանդաղ են վարում: Արդեն դրա իմաստը ո՞րն ա, ես չեմ հասկանում»,-ասաց Ալեքսան Զաքարյանը, ինչին լրագրողները հակադարձեցին, որ եթե նման սկզբունքով են աշխատում, ապա կարող են մնացած վայրերի արագաչափերն էլ հանել, քանի որ բոլոր վարորդներն էլ գիտեն՝ որ խաչմերուկում արագաչափեր կան:
«Սեքյուրիթի դրիմ» ընկերության համահիմնադրին օգնության հասավ փոխոստիկանապետ Սամվել Հովհաննիսյանը, որն ասաց, որ արագաչափերը տեղադրվում են համապատասխան վերլուծությունների արդյունքում. «Արագաչափ սարքերը տեղադրվում են համապատասխան վերլուծությունների արդյունքում: ՃՈ-ն վթարայնության աստիճանը վերլուծելու արդյունքում է տեղադրում արագաչափ սարքերը, եւ չի բացառվում, որ կիսամյակի արդյունքում մենք տեսնենք վթարայնության աստիճանի նվազում, եւ այդ արագաչափը տեղափոխենք այդ վայրից»:





























