Ակնհայտ է, որ Հայաստանի ներկայիս խորհրդարանը չի կարող ապահովել պառլամենտարիզմի բացարձակ դրսեւորում՝ սկսած իր գործառույթներից եւ վերջացրած ընդունված փաստաթղթերի որակական պատասխանատվությամբ: Այդ մասին ասյօր՝ սեպտեմբերի 5-ին, ԱԺ-ի 5-րդ գումարման 5-րդ նստաշրջանի գործունեության դիտարկման ներկայացման ժամանակ հայտարարեց ՀՅԴ խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը:
Նրա խոսքով՝ երբ խոսքը խորհրդարանական հանրապետության մասին է, չպետք է մոռանալ, որ կարեւոր խնդիրներից մեկը ընտրական համակարգն է: «Եթե մենք չփոխենք ընտրական համակարգը եւ խորհրդարանի առաջ որակական պահանջներ չդնենք, մենք չենք կարող որակյալ խորհրդարան ունենալ: Խորհրդարանական հանրապետության մեր հայեցակարգը հիմնվում է սահմանադրական փոփոխությունների, այդ թվում՝ ընտրական համակարգի փոփոխությունների վրա: Դա մի ամբողջ փաթեթ է», - ընդգծեց Արծվիկ Մինասյանը:





























