Վարորդները չպետք է նախապես տեղեկացվեն արագաչափերի եւ տեսանկարահանող սարքերի մասին: Նման կարծիք հայտնեց Ոստիկանության պետի տեղակալ Սամվել Հովհաննիսյանը այսօր՝ սեպտեմբերի 5-ին, լրագրողների հետ զրույցում:

«Վարորդը չպիտի կանխավ իմանա, որ այդտեղ կա արագաչափ սարք, թե չկա, իմ կարծիքով դա ճիշտ չէ»,-ասաց նա:

Անդրադառնալով թույլատրելի արագությանը վերաբերյալ ճանապարհային նշանների բացակայությանը հատկապես քաղաքից դուրս գտնվող որոշ ճանապարհներին, ոստիկանության պետի տեղակալն ասաց. «Բնակավայրերում եթե նշան չկա, ապա 60 կմ/ժ է, եւ եթե վարորդը հանձնել է քննություն, եւ ստացել է վարորդական իրավունք, նա պետք է իմանա այդ մասին»:

Սամվել Հովհաննիսյանը նշեց, որ Երեւան քաղաքում լիարժեք տեղադրված են ճանապարհային երթեւեկության  նշանները:

«ՃՈ տեսուչները երբ որ դուրս են գալիս ծառայություն իրականացնելու, եթե տեսնում են որեւէ նշանի բացակայություն կամ ծռմռված վիճակում ցուցանակ, համապատասխան գրանցումներ են կատարում մատյանում  եւ համապատասխան ուղղումներ»,- ասաց փոխոստիկանապետը: