Վարդան Պետրոսյանի մասնակցությամբ ողբերգական վթարից հետո «Նաիրի» ԲԿ-ում ալկոմետրը ճիշտ է որոշել դերասանի սթափությունը, երբ ցույց է տվել 0 նիշը, իսկ բժիշկ Համազասպ Գեւորգյանի այն միտքը, որ «հանարավոր է՝ բավարար օդ չի մղվել ալկոմետրի մեջ» սխալ է։ Այս մասին այսօր՝ սեպտեմբերի 5-ին, Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում հայտարարեց դերասանի փաստաբան Նիկոլայ Բաղդասարյանը՝ նշելով, որ բժշկին գուցե «նախապատրաստել են» դատախազությունում։
Պաշտպանը հայտնեց, որ հարցում էր ուղարկել «Նաիրի» ԲԿ՝ պարզելու, թե ինչ կլիներ, եթե բավարար օդ չմղվեր ալկոմետրի մեջ։
«Պատասխանում նշված է, որ օդ մղելու ժամանակ սարքը տալիս է ձայնային ազդանշան, եւ երբ բավարար օդ է մղվում, ձայնը դադարում է , չմղվելու դեպքում թվային նիշ, այդ թվում նաեւ 0 ցույց չի տալիս»,- նշեց փաստաբանը եւ խնդրեց հարցման պատասխանը կցել քրեական գործին։
Տուժող կողմի փաստաբան Ռուբեն Բալոյանը այդ միջնորդության վերաբերյալ կարծիք արտահայտելիս ասաց, որ Նիկոլայ Բաղդասարյանը փորձում է լրացնել այն բացը եւ սխալները, որը բժիշկ Համազասպ Գեւորգյանը թույլ տվեց դատարանում ցուցմունք տալիս։
Դատավոր Վաղինակ Մկրտչյանը բավարարեց Նիկոլայ Բաղդասարյանի միջորդությունը։
Դատավորը մերժեց Ռուբեն Բալոյանի միջնորդությունը՝ դատարան հրավիրել եւ հարցաքննել «Նաիրի» ԲԿ-ի գլխավոր բուժքույր Գոհար Մկրտչյանին, որը, ինչպես նախորդ դատական նիստին հայտնեց բժիշկ Համազասպ Գեւորգյանը, պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանին տրամադրել էր Վարդան Պետրոսյանի սթափության արձանագրության կրկնօրինակը։





























