Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Ռուբեն Գեւորգյանը չի բացառում իր եւ պատգամավոր գեներալներ Մանվել Գրիգորյանի եւ Սեյրան Սարոյանի հետ հանդիպումը: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նա ասաց հետեւյալը. «Ես չեմ բացառում մեր հանդիպումը, քանի որ մոտակա ժամանակներում  տեղի է ունենալու «Երդվյալ ազատամարտիկների միության» համագումարը, իսկ լրագրողի մատնանշած գեներալները որպես առաջնային գծում մարտնչած մեր քաջարի ախպերներ ԵԱՄ համագումարի մասնակցության առաջին իսկ հրավերս իրենք են ստանալու»:

Նշենք, որ «Իրատես de facto» թերթը գրել էր, թե ասում են, թե ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ Ռուբեն Գեւորգյանի՝ Ծաղիկ Ռուբոյի վերջին «ակտիվացումները», ազատամարտիկների հետ հանդիպումները եւ նրանց, ըստ էության, ԲՀԿ-ի շուրջ «ամբարելը» խիստ վրդովեցրել են ԵԿՄ-ականներին ու հատկապես  գեներալներ զույգին` Մանվել Գրիգորյանին եւ Սեյրան Սարոյանին: Ասում են նաեւ, թե «Երդվյալ ազատամարտիկների միություն» կառույցով Ռուբեն Գեւորգյանը նպատակ ունի սահմանափակելու ԵԿՄ-ի եւ հատկապես Մանվել Գրիգորյանի ազդեցության ոլորտները, Գագիկ Ծառուկյանն էլ խոստացել է ամեն կերպ աջակցել։ Ասում են, թե չի բացառվում նաեւ, որ առաջիկայում այս հարցով «հանդիպումատիպ» մի բան լինի գեներալների եւ Ռուբեն Գեւորգյանի միջեւ: