«Ժողովրդական կուսակցության» ղեկավար Տիգրան Կարապետյանը այժմ զբաղված է կուսակցական խնդիրներով: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Տիգրան Կարապետյանը:
Նա նշեց, որ մարզերում կուսակցության գրասենյակները մի քիչ թուլացել են, այժմ աշխատում են այդ ուղղությամբ: Սեպտեմբերի վերջին ավելի կոնկրետ կհայտնի իր ծրագրերի մասին: «Միտինգների չեն մասնակցում, որովհետեւ չեն հավատում այդ միավորներին իբրեւ ընդդիմադիր, կասկածանք ունեն, դրա համար չեն մասնակցում, որ իշխանությունների ջրաղացին ջուր չլցնեմ: Քառյակը իշխանության հետ համագործակցող ուժ է, քառյակի օգնությամբ Հովիկ Աբրահամյանը դարձավ վարչապետ, իրենք կիսում են իշխանությունը, փաստորեն իշխանավոր են»,- ասաց նա:
Անդրադառնալով երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պարբերական ակտիվությանը՝ Տիգրան Կարապետյանը հնարավոր համարեց նրա վերադարձը քառյակի միջոցով: Նրա կարծիքով՝ Ռոբերտ Քոչարյանի ժամանակ գոնե «գցոցի» չկար, հիմա իրար «գցում» են, ժողովրդին կողոպտում են: «Ես դեմ են նրա վերադարձին, էն որ ասում են՝ էն բեթարից փրկիր, հիմա ավելի բեթար է»,-նշեց ԺԿ առաջնորդը:
Տիգրան Կարապետյանը նշեց, որ կվերադառնա ակտիվ քաղաքական դաշտ, երբ տեսնի որ ժողովուրդը պատրաստ է դրան: «Պետք է դաշտ լինի, հասկացություն լինի, որ ակտիվանամ, ժողովուրդը որ գոռում է՝ դեմ եմ ինչ-որ մի կոսմետիկ խնդիր, իշխանությանը չի ասում՝ դեմ եմ, ես դեռ չեմ տեսնում, որ ժողովուրդը հասուն լինի: Եթե քեզ ավելի քիչ ձայն են տալիս իբրեւ քաղաքական գործչի, որը, այդքան բարեգործություն է արել,եթե Հովիկ Աբրահամյանի շոֆերի աղջկան ավելի շատ ձայն են տալիս, ինչի՞ մասին է խոսքը: Ժողովուրդը պատրաստ չի, քեզ հարգում, սիրում է, հենց հասնում է ձայն տալու, վաճառվում է ծանոթի միջոցով: Կվերադառնամ ակտիվ քաղաքական դաշտ, եթե տեսնեմ, որ մարգարիտները խոզերի առջեւ չեն մեկնում, որ հասկանում են, գնահատում են, մեջք են կանգնում, թե չէ հարգում եմ քեզը, սիրում եմ քեզը դերասանական կատեգորիայից է»,-ասաց Տիգրան Կարապետյանը:
Նա նաեւ հավելեց, որ եթե նախկինում փողը ժողովրդի վրա էր ծախսում, բարեգործություն էր անում, հիմա իր վրա է ծախսում, ճամփորդում է: Հաջորդ ճամփորդության ժամկետը դեռ հայտնի չէ, Տիգրան Կարապետյանն ասաց, որ դա կախված է իր տրամադրությունից:





























