Չեխիայի Սահմանադրական դատարանը մերժել է հայ լրագրողուհի Աննա Կարապետյանի հայցը, որը, բողոքելով խտրականությունից, անհաջող վիճարկում էր «Ազատ Եվրոպա ռադիո/Ազատություն ռադիոյից» իրեն հեռացնելու որոշումը: Այս մասին գրում է «The Prague Post»-ը՝ վկայակոչելով չեխական լրատվական գործակալությունը:
Պրահայում գտնվող ամերիկյան «Ազատություն» ռադիոկայանը Աննա Կարապետյանին աշխատանքից ազատել էր առանց պատճառը հայտնելու: Սահմանադրական դատարանը նշել է, որ աշխատանքային պայմանագրով դա հնարավոր էր: Դատարանն ընդգծել է, որ այս պարագայում խտրականություն կամ հիմնական իրավունքների այլ խախտում չի եղել:
Նշենք, Աննա Կարապետյանը ռադիոկայանում աշխատում էր 12 տարի: Նա հայց էր ներկայացրել 2007թ.: Չեխական դատարանները սկզբում մերժում էին նրա հայցերը, բայց ավելի ուշ՝ Գերագույն դատարանի միջամտությունից հետո, առաջին ատյանի դատարանը որոշել էր, որ նրա ազատումն անհիմն է, եւ նա շարունակել էր ռադիոյում աշխատել: Այնուամենայնիվ, Վերաքննիչ դատարանը կրկին որոշում էր կայացրել հօգուտ ռադիոկայանի, իսկ Գերագույն դատարանն այդ որոշումն ուժի մեջ էր թողել նախորդ տարի:





























