Վերջին տարիներին զբոսաշրջության նպատակով Հայաստան են սկսել գալ նաեւ Թուրքիայի քաղաքացիներ: NEWS.am-ը ներկայացնում է օրեր առաջ Հայաստան այցելած թուրք զբոսաշրջիկ 42-ամյա Ալի Հասանօղլուի տպավորությունները:

«Հայաստանի մասին ինտերնետով շատ էի կարդացել եւ ցանկանում էի անձամբ տեսնել երկիրը: Հայաստանը մեզ դիմավորեց անշուք ու աղքատիկ երեւացող գյուղերով եւ քանդված ճանապարհներով, որտեղ նույնիսկ ճանապարհային նշաններն էի շատ քիչ եւ երկիր մտնող զբոսաշրջիկի համար բավական դժվար է կողմնորոշվել, թե ոնց գնա իր ուզած տեղը:

Հայաստան մտնելուն պես, ինձ հետապնդում էր այն միտքը, որ ամեն տեղ ինձ ցեղասպանության համար մեղադրանք են առաջադրելու: Ես, իհարկե, գիտեմ, որ ողբերգական դեպքեր են եղել, բայց ես չէի ուզենա, որ դրանք լինեն եւ չեմ արդարացնում իմ պապերին: Մարդը մեկ այլ մարդու կյանքը խլելու իրավունք չունի, քանի որ Աստվածն է այդ կյանքը տվել եւ միայն Աստված կարող է այն վերցնել:

Ճանապարհին կանգեցինք ավտոբուսը վառելիքով լիցքավորելու համար եւ առաջին շփումը եղավ հայաստանցիների հետ: Մի քիչ զարմացան, երբ ասացինք, որ թուրք ենք, սակայն չարություն չտեսանք մեր նկատմամբ: Չարություն գրեթե չտեսանք մեր ամբողջ ուղեւորության ընթացքում, սակայն հայերի առաջ ինձ մեղավոր էի զգում:

Մեր ծրագրում չկար Ցեղասպանության զոհերի հուշահամալիր այցելելը, սակայն խմբի անդամները խնդրեցին հայ զբոսավարին այն նույնպես ներառել եւ մենք գնացինք: Ցեղասպանության հուշահամալիր գնալու ժամանակ խմբի որոշ անդամները ծաղիկներ վերցրեցին եւ հուշահամալիրում վառվող կրակի մոտ դրեցին:

Ցեղասպանության թանգարանի մասին շատ էինք լսել եւ բոլորս էլ մի մարդու պես գնացինք թանգարան, սակայն պարզվեց, որ այն փակ է վերանորոգման համար: Շատ զարմացած էինք, երբ հայերը նշում են 100-րդ տարելիցը, իսկ Ցեղասպանության թանգարանը փակ է լինելու մինչեւ 2015-ի ապրիլը:  Մի խոսքով՝ հայերը շատ անհաջող ժամանակ են ընտրել Ցեղասպանության թանգարանը վերանորոգելու համար: Թանգարանին կից մի փոքր սրահ կար, որտեղ մի քանի ցուցանմուշներ կան եւ գրքեր են վաճառում Ցեղասպանության վերաբերյալ: Խմբի անդամները գնեցին մի քանի գրքեր:

Թեեւ Հայաստան մտնելու ժամանակ մտածում էինք, թե ինչ աղքատիկ երկիր է, Երեւանում այդ մթնոլորտը ցրվեց: Կառուցվում էին նոր ու թանկարժեք շենքեր, որոնց գները, ինչպես նշեց մեր զբոսավարը, բավականին բարձր էին եւ մրցում էին Ստամբուլի էլիտար թաղամասերի ամենաթանկ գների հետ: Զարմանքի մեկ այլ առիթ է գերշքեղ մեքենաները: Նույնիսկ Ստամբուլում եւ Եվրոպայում նման քանակի թանկարժեք մեքենաներ չէի տեսել, ինչքան Երեւանում տեսա:

Թեեւ մեր ուղեւորությունը կարճ էր, սակայն  հասցրեցինք այցելել պատմամշակութային մի քանի վայրեր եւ Հայաստանի պատմության թանգարան: Իրոք, տպավորված եմ իմ տեսածներով, սակայն զարմանալի է, որ նման պատմություն եւ մշակույթ ունեցող երկրից մարդիկ սոցիալական խնդիրների պատճառով գնում են արտասահման աշխատելու, իսկ նրանց մի մասը եկել է Ստամբուլ:

Հայաստանից հեռացանք մեր հետ տանելով լավ տպավորություններ, Վերնիսաժ կոչվող շուկայից գնած հուշանվերներ եւ մի քանի շիշ հայկական հրաշք գինիներ: Հայերի թողած մշակույթային ժառանգության մյուս մասին կծանոթանանք արդեն Թուրքիայի տարածքում՝ Անիում, Կարսում եւ Վանում...»: