Թուրքիայի խորհրդարանը սեպտեմբերի 6-ին վստահության քվե է տվել նոր կառավարությանը ՝ Ահմեդ Դավութօղլուի գլխավորությամբ, նրա ներկայացրած ծրագիրը քննարկելուց հետո:

Քվեարկությանը մասնակցել է 439 պատգամավոր, «կողմ» է քվեարկել 306 –ը, «դեմ»՝ 133-ը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:

Սեպտեմբերի մեկին Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հանդես էր եկել նոր կառավարության ծրագրով՝ խորհրդարանին խնդրելով քվեարկություն անցկացնել կառավարությանը վստահություն հայտնելու հարցով: Հաջորդող օրերին պագամավորները քննարկում էին ծրագիրը: Ընդդիմությունը քննադատել էր դրա որոշ կետեր, մասնավորապես՝ քրդական հարցի կարգավորմանը, արտաքին քաղաքականությանը եւ կոռուպցիայի խնդիրներին վերաբերող: Նրանք նաեւ հայտարարել էին, որ դրա դեմ են քվեարկելու:

Թուրքիայի համազգային առաջին ընտրություններում օգոստոսի 10-ին հաղթել էր վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանը՝ հավաքելով  52%:Նրա երդմնակալությունը կայացել էր օգոստոսի 28-ին, նույն օրը երկրի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն նշանակվել էր վարչապետ: