Սեւանի «Արեւիկ» առողջարանում ամուսինների հանգիստը վերածվել է անհանգստության եւ նրանք ստիպված են եղել վերադառնալ: Այս մասին պատմել է NEWS.am-ի խմբագրություն զանգահարած Գոհար Սանոյանը:

Նա նշել է, թե ինքն ու ամուսինը,  դիտելով «Արեւիկ» հանգստյան տան գովազդը, որոշել էին իրենց 1 տարեկան 10 ամսական երեխայի հետ մեկնել Սեւան՝ վերոնշյալ հանգստյան տուն: «Մեկնեցինք` հույս ունենալով անցկացնել 4 գեղեցիկ օր: Հանգիստը կազմակերպել էինք սոցփաթեթի շրջանակներում: Հասնելով տեղ՝  հասկացանք, որ գովազդը չէր համապատասխանում իրականությանը: Նախ սկսեմ բակից եւ շրջակայքից. տարածքը անխնամ էր եւ պատված չոր խոտածածկով, իսկ երեկոյան բացակայում էր լուսավորությունը; Մեզ տեղավորեցին այսպես ասած ընտանեկան համարում, որտեղ մահճակալը այնքան չոր էր, որ հնարավոր չէր քնել, սպիտակեղենը՝ շատ հին ու մաշված, իսկ առավոտյան պարզեցինք,որ հատակին վխտում էին մրջյունները, պատերին՝ սարդերը, առաստաղին՝ այլ մանր միջատներ (մլակներ) : Ու սա դեռ ամենը չէր, քանի որ ամենաահավոր երեւույթները ճաշարանում էին:

Ըստ գրաֆիկի՝  9:00՝  նախաճաշ, 14:00՝ ճաշ, 19:00՝ ընթրիք, բայց միշտ ուշացումով՝  առնվազն 40րոպե, մատուցում էին շատ դանդաղ, քանի որ չունեին շարժական սկուտեղներ: 2-3 հոգով փոքրիկ սկուտեղներով սպասարկում էին 300 հոգու, կարծես միտումնավոր, դեռ բոլորին չմատուցած `խնամքով տանում էին խոհանոց՝ սկզբում մատուցած կերակուրի մնացորդները եւս մեկ անգամ մատուցելու համար: Սնունդն անորակ, իսկ կերակուրը՝ անհամ,  քիչ, վատ պատրաստած, աղի ու հացն էլ՝  միշտ հնացած, տեսքից արդեն հիասթափվում էինք: Էլ չասեմ, որ երեխայի համար բաժակ եւ ափսե չէին տալիս, առաջացած հարցերին ու խնդիրներին ոչ մի լուծում`միայն կոպիտ պատասխաններ, կարծես հաց էինք մուրում: Արդեն 2-րդ օրը դիմեցի ադմինիստրացիային, սակայն ոչ մի տեղաշարժ:

Փորձեցինք երեխայի քաղցը հագեցնել տարածքում գործող մթերային խանութից գնումներ կատարելով: Սակայն մթերքն այնքան հին էր, կարծես անցած դարից էր մնացել, միայն գներն էին գերազանց: Նշեմ նաեւ, որ ժամանցի համար ոչինչ նախատեսված չէր:Միակ մխիթարանքը գեղատեսիլ Սեւանն էր , որտեղ ափից քիչ հեռու գոյացել էր հսկայական աղբակույտ եւ չէին պահպանվում անվտանգության կանոնները:Այսպիսով` հանգստանալու փոխարեն 1 օր շուտ ահավոր նյարդայնացած հեռացանք այնտեղից»,- նշել է մեր խմբագրություն դիմած Գոհար Սանոյանը:

Իսկ «Արեւիկ» առողջարանի սեփականատեր եւ տնօրեն Վաղարշակ Գրիգորյանը NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նշեց, որ ամբողջ Սեւանում նման հանգստավայր չկա եւ քաղաքացու նամակում նշված դժգոհությունները իրականության հետ կապ չունեն: Նա նշեց, որ կարող է ուղարկել իր ճաշարանի գիրքը, այցելուների գրառումները, թե ինչքան գոհ են հեռացել իրենց հանգստյան տնից: Տնօրենը շեշտեց, որ առողջարանի սենյակները վերանորոգված են , լողափը՝ մաքուր, առանց որեւէ աղբի եւ լավ պայմանների շնորհիվ է, որ առողջարանը ունի մշտական հանգստացողներ: «Իմ տարածքը էնքան մաքուր է, Տա Աստված, Սեւանի ափը էդքան մաքուր լինի, կարող եմ յուրաքանչյուր հանգստացողի համար տալ, ինքներդ ճշտեք: Ես ֆերմա ունեմ, թարմ կարագը, պանիրը, միսը հենց իմ ֆերմայից եմ բերում, վատ բան իմ հանգստացողին չեմ տալիս: Բացարձակ աղբ չկա, տարածքը լուսավոր է, ծառերի միջով, անտառով, ամբողջը լուսավորված է, սանհանգույցը, սենյակները ամբողջությամբ վերանորոգված են, սպիտակեղենը՝  նոր: Ես չգիտեմ՝ ով է այդ քաղաքացին, ոչ մեկ ինձ դժգոհությամբ չի դիմել, բայց մենք ընտիր լողափ ունենք, ով գալիս է, գալիս է մեր մոտից է օգտվում, մի հատ ծխախոտ չեք գտնի այդտեղ»,-վստահեցրեց տնօրենը: