Սեպտեմբերի 6-ին Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունել է Ֆրանսիայի Ազգային ժողովում սոցիալիստական կուսակցության խմբակցության ղեկավար Բրյունո լը Ռուի գլխավորած պատվիրակությանը: Ինչպես հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամուլի ծառայությունը, պատվիրակությունը Երևան է ժամանել ֆրանսիացի հասարակական-քաղաքական գործիչ, հայ ժողովրդի բարեկամ, հումանիստ Ժան Ժորեսի մահվան 100-րդ և Հայոց Ցեղասպանության 100-րդ տարելիցների կապակցությամբ անցկացվող միջոցառումների շրջանակներում:

Ողջունելով հյուրերին նախարարն ընդգծել է, որ հայ ժողովուրդը երախտագիոտւթյամբ է հիշում իր մեծ բարեկամ Ժան Ժորեսի` Օսմանյան կայսրությունում հայերի հալածանքների և կոտորածների նկատմամբ Եվրոպայում անտարբերության դեմ բարձրացրած բողոքի ձայնը: Նալբանդյանը կարևորել է նաեւ Հայաստանում հումանիստի 100-ամյա տարելիցին նվիրված միջոցառումներին ֆրանսիացի խորհրդարանականների պատվիրակության մասնակցությունը:

ԱԳ նախարարը նշել է, որ Հայաստանի և Ֆրանսիայի միջև ձևավորվել են առաձնաշնորհյալ հարաբերություններ, ընթանում է բարձր մակարդակի կանոնավոր քաղաքական երկխոսություն: Երկու օր առաջ նախագահներ Սարգսյանն ու Օլանդը առիթ են ունեցել հանդիպելու և անդրադառնալու երկկողմ հագեցած օրակարգի տարբեր հարցերին, այդ թվում նախագահ Օլանդի՝ մայիսին Հայաստան պետական այցի շրջանակներում ձեռքբերված պայմանավորվածությունների իրականացմանը:

Կողմերը կարևորել են տարբեր ոլորտներում համագործակցության ընդլայնումը, որի համար տարիների համատեղ աշխատանքի շնորհիվ լավ հիմք է դրվել: Ընդգծվել է,  որ հայ-ֆրանսիական հարաբերություններում առանձնահատուկ տեղ է զբաղեցնում խոհրդարանական փոխգործակցությունը, որի վկայությունն են ֆրանսիացի օրենսդիրների պարբերական այցելությունները Հայաստան և Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն:

Զրույցի ընթացքում մտքեր են փոխանակվել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի կապակցությամբ նախատեսվող միջոցառումների շուրջ, կարևորվել է ցեղասպանությունների ժխտման քրեականացումը, մարդկության դեմ ոճիրների կանխարգելման մեխանիզմների կատարելագործումը: