Ֆրանսիայի ուլտրաաջերի «Ազգային ճակատ» կուսակցությունը մեկ քայլ է հեռու երկրում իշխանության գալուց,  հայտարարել է վարչապետ Մանուել Վալսը: 

Ըստ վերջերս անցկացված սոցիոլոգիական հարցման` «Ազգային ճակատի» առաջնորդ Մարին Լե Պենը ճանաչվածությամբ առաջ է անցել երկրի նախագահ Ֆրանսուա Օլանդից: 

Ըստ Բոլոնիայում սոցիալիստական կուսակցությունների համագումարում հանդես եկած Վալսի` Ֆրանսիայի ներկայիս նախագահը պետք է փոխի իր գործողությունների մարտավարությունը` ուլտրաջերի իշխանության գալու սպառնալիքը կանխելու համար: 
«Որպես ձախ հայացքների տեր մարդ` ես երբեք չեմ կարող դա թույլ տալ, - ասել է վարչապետը, - քանի որ այդ դեպքում առաջին հերթին կտուժեն ամենաաղքատները»:

 

«Դա սարսափելի, նույնիսկ` մահացու հարված կլինի Եվրոպայի համար», - հավելել է նա, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:  
Ֆրանսիայի նախագահական հաջորդ ընտրությունները տեղի կունենան 2017 թ.:
Գործող նախագահ Ֆրանսուա Օլանդի վարկանիշը  նվազագույն մակարդակի վրա է` ընտրվելու պահից ի վեր: Իսկ Ֆրանսիայի կառավարությանը շուտով սպառնում է վստահության վերաբերյալ քվեարկություն: 

Հուլիսին Ֆրանսիայում գործազուրկների թիվը հասել է 3 միլիոն 424 հազար մարդու: