Ուկրաինայում ԵԱՀԿ առաքելությունը մեխանիզմ է մշակել հրադադարի խախտման դեպքերը քննելու համար, հաղորդվում է կազմակերպության պաշտոնական կայքում: 

ԵԱՀԿ-ում նախագահող Շվեյցարիայի նախագահ Դիդիե Բուրկհալտերը նշել է, որ պատրաստվել են միայն կողմերի միջեւ համագործակցության հիմքերը` հրադադարի խախտման վերաբերյալ բոլոր տեղեկությունները ուսումնասիրելու համար: Ըստ Բուրկհալտերի` մեխանիզմը ճշտվելու է երկու կողմերի հետ` առաջիկա  «ժամերին եւ օրերին»:

Բուրկհալտերը նաեւ նշել է, որ ԵԱՀԿ-ում քննարկումներ են տեղի ունենում իրավիճակը վերահսկելու համար Ուկրաինայի տարածքում անօդաչու թռչող սարքեր օգտագործելու վերաբերյալ: 

Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ուկրաինայի  կապակցությամբ կոնտակտային եռակողմ խմբի նոր հանդիպումը տեղի կունենա այս շաբաթ: