Արաբական պետությունների լիգայի անդամ երկրների արտգործնախարարները պայմանավորվել են բոլոր անհրաժեշտ միջոցառումները ձեռնարկել «ԻՊ»-ի դեմ պայքարի համար:

Կահիրեում հանդիպման մասնակիցները պայմանավորվել են սատարել ՄԱԿ-ի ԱԽ-ի բանաձեւը, որն ընդունվել էր օգոստոսին եւ կոչ էր անում դադարեցնել Սիրիայի եւ Իրաքի ահաբեկիչներին հատկացվող նյութական, ռազմական եւ ֆինանսական օգնության հոսքերը:

Լիգան ուղղակի աջակցություն չի հայտնել գրոհայինների դիրքերին ԱՄՆ բանակի ավիահարվածներին, ինչպես որ նախկինում կանխատեսել էին դիվանագիտական աղբյուրները: Սակայն, ըստ թղթակցի, հանդիպման արդյունքը «լուռ համաձայնությունն» է եղել ԱՄՆ հատուկ գործողությանը, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը: 

Ավելի վաղ ԱՄՆ-ն ընդլայնել էր «ԻՊ»-ի, դեմ ռազմական գործողությունը` ավիահարվածներ հասցնելով ջիհադիստ գրոհայինների  գրաված տարածքներին: 

Նախագահ Բարաք Օբաման  ավելի ուշ հայտարարել էր, որ ԱՄՆ-ն պատրաստվում է պատերազմել «Իսլամական պետության» դեմ, գրոհայիններին հետ մղել գրավյալ  տարածքներից եւ  հաղթել: