Ռուսաստանցի դիվանագետներն այժմ ակտիվ աշխատում են ԵՄ-ին եւ ԱՄՆ-ին պառակտելու ուղղությամբ՝ նպատակ ունենալով ԵՄ երկրներին համոզել հետ կանգնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցների ընդունումից: Նման հայտարարությամբ է հանդես եկել Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը, հայտնում է ՈՒՆՆ-ն:

 «ԵՄ-ի համար այժմ շատ կարեւոր է պահպանել ԱՄՆ-ի եւ ԵՄ անդամ երկրների հետ  ներքին միասնականությունը: Քանի որ ռուսական դիվանագիտությունը շատ արդյունավետ է, նրանց արտաքին քաղաքական ջանքերն ուղղված են ԵՄ-ում միասնականությունը խախտելուն:  

Ռուսաստանն այժմ ցանկանում է խախտել միասնականությունն ԱՄՆ-ի եւ ԵՄ-ի միջեւ: Սակայն այն, որ ԵՄ-ն կընթանա պատժամիջոցների ճանապարհով, նշանակում է, որ Ռուսաստանին ոչ ոք չի հավատում», — ասել է Յացենյուկը:

Նա ԵՄ-ին կոչ է արել միանալ ԱՄՆ-ին եւ խորացնել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները:

«Այժմ ամենամեծ վտանգն այն, որ խաղաղ ծրագրի շնորհիվ կթվա, թե չեն կրակում, եւ բոլորը հանդարտվել են: Եվ աշխարհը կվերադառնա առօրյա կենսակերպին: Եվ բոլորն աստիճանաբար կմոռանան Ղրիմի, Ուկրաինայի եւ այլ կոնֆլիկտների մասին:  Սակայն դա չի կարելի թույլ տալ: Աշխարհն իրավունք չունի մոռանալ ռուսական ագրեսիայի մասին, Ռուսաստանը պետք է վճարի դրա համար», - ընդգծել է Յացենյուկը: