Երկաթե ամրանը ոտքի մեջ մտած 12-ամյա երեխային վիրահատել են: Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Երեւանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի մամուլի պատասխանատու Ալեքսանդրա Հարությունյանը:
Նա նշեց, որ երկաթե ամրանը մտել էր երեխայի ոտքի ստորին երրորդական հատվածը, որեւէ ներքին վնասվածք չկա: «Վիրահատություն են արել, ամեն ինչ նորմալ է, այս միջադեպը որեւէ հետեւանք չի ունենա երեխայի հետագա կյանքի վրա, հավանաբար նա այսօր դուրս կգրվի հիվանդանոցից»,-ասաց մամուլի պատասխանատուն:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ սեպտեմբերի 7-ին, ժամը 20.46-ին ահազանգ է ստացվել, որ Երեւան քաղաքի 4-րդ թաղամասի թիվ 3 շենքի բակում երկաթյա ամրանը մտել է երեխայի ոտքը (մոտ 12 տարեկան): Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Արտակարգ իրավիճակների նախարարությունից: Շտապօգնության աշխատակիցները տեղում են. ամրանը կտրելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը: Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ եւ ՃԿԿ-ի օպերատիվ խումբը: Հրշեջ-փրկարարներն անհրաժեշտ օգնություն են ցուցաբերել Դ. Մ.-ին (ծնվ. 2001թ.):





























