Ուկրաինայի վարչապետ Արսենի Յացենյուկը հայտարարել է, որ Դոնբասում ռազմական գործողությունների վերսկսման դեպքում՝ կարող է երկրում ռազմական դրություն մտցվել:

Նրա խոսքով՝ կրակի դադարեցման եւ բանակցությունների անցկացման, ԱՄՆ-ի եւ ԵՄ երկրների կողմից «խաղաղ պլանի» աջակցության, ինչպես նաեւ Ռուսաստանի կողմից այդ պլանի կատարման պայմաններում , ռազմական դրության կարիք չի լինի: «Բայց եթե հրադադարն ավարտվի այնպես, ինչպես ավարտվել են նախորդները, այլ տարբերակ չի մնա»,-ընդգծել է Յացենյուկը, հաղորդում է 1+1 հեռուստաալիքը:

Միաժամանակ նա ռազմական դրություն մտցնելու գլխավոր դրական կողմը համարում է «երկիրն ամբողջությամբ ռազմական ռելսերի վրա դնելը»՝ սկսած քաղաքացիական պաշտպանությունից, վերջացրած նրանով, որր զինվորական հրամանատարությունը ամբողջությամբ կստանա իշխանություն Ուկրաինայի տարածքում»:

Որպես բացասական գործոն, Յացենյուկը նշել է, որ արեւմտյան գործընկերները կարող են դա ընկալել որպես բանակցությունների անցկացման համար ուղիների փակում:

Բացի այդ, Յացենյուկը կոչ է արել Արեւմուտքի երկրներին չեղյալ չհայտարարել ՌԴ-ի դեմ պատժամիջոցները Ուկրաինայի արեւելքում խաղաղության հաստատումից անմիջապես հետո, որպեսզի «աշխարհը չմոռանա ռուսական ագրեսիայի մասին»:

Ավելի վաղ Դոնեցկի մարզային վարչակազմի ղելավար Սերգեյ Տարուտան նույնպես կողմ էր արտահայտվել ռազմական դրություն մտցնելուն եւ Գերագույն ռադայի ընտրությունները չեղյալ համարելուն: