Լոնդոնի քաղաքապետ Բորիս Ջոնսոնը՝ Մեծ Բրիտանիայի իշխող պահպանողական կուսակցության առանցքային գործիչներից մեկը, Շոտլանդիայի հնարավոր առանձնացումը ողբերգություն է անվանել:
«Մենք այն սահմանագծին ենք, երբ անդամախեղման օգնությամբ պատրաստվում ենք աղբանոց նետել մեր վարկը եւ բրենդը», - գրել է Ջոնսոնը Daily Telegraph-ի իր հոդվածում, հայտնում է BBC-ի ռուսական ծառայությունը:
Հանրաքվեն նշանակված է սեպտեմբերի 18-ին, լինելու է մեկ հարց՝ «Շոտլանդիան պե՞տք է դառնա անկախ պետություն»:
Երկար ամիսների հարցումները ցույց են տվել, որ շոտլանդացիների մեծամասնությունը պատրաստ է ընտրել «ոչ» տարբերակը, սակայն քվեարկության մոտենալուն զուգահեռ, անկախության կողմնակիցներն ավելացել են: Ըստ վերջին հարցման, այժմ Բրիտանիայից առանձնանալու օգտին պատրաստ է քվեարկել 51%-ը, դեմ` 49%-ը:
Ավելի վաղ ֆինանսների նախարար Ջորջ Օսբորնը Շոտլանդիային խոստացել էր մեծ ինքնավարություն այն դեպքում, եթե հանրաքվեի արդյունքներով այն մնա Բրիտանիայի կազմում:
Իր հերթին Շոտլանդիայի առաջին նախարար Ալեքս Սալմոնդը Բրիտանիային մեղադրել է խուճապի համար:





























