ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի նախկին մրցակից Միթ Ռոմնին մտադիր չէ առաջադրվել 2016թ. նախագահական ընտրություններում: Այս մասին նա հայտնել է Fox News-ի հետ հարցազրույցում:
«Ես մտադիր չեմ մասնակցել նախագահական մրցարշավին: Իմ ժամանակն անցել է», — հայտարարել է հանրապետականը:
Նա խոստովանել է, որ 2012թ. քարոզարշավի ընթացքում մի շարք սխալներ է գործել, որոնցից հմտորեն օգտվել է Օբամայի գրասենյակը:
Հանրապետականը նաեւ համոզմունք է հայտնել, որ ավելի արդյունավետ նախագահ կլիներ, քան Օբաման: Ռոմնին ընդգծել է, որ Սպիտակ տան գործող ղեկավարն այդպես էլ չկարողացավ լուծել գործազրկության խնդիրը, ինչպես նաեւ անհաջող արտաքին քաղաքականություն է վարում, փոխանցում է lenta.ru-ն:
Նախագահի նախկին թեկնածուն հիշատակել է «Իսլամական պետության» գրոհայիններին, որոնք վերջին ժամանակներս աշխուժացրել են իրենց գործունեությունը: Ըստ նրա` Օբաման դեռ մեկ տարի առաջ գիտեր հանցավոր խմբավորման աճող սպառնալիքի մասին, սակայն «այդ ժամանակահատվածում նա ոչ մի միջոց չի ձեռնարկել եւ ռազմավարություն չի մշակել` նրանց դեմ պայքարելու համար»:
«Տպավորություն է ստեղծվում, որ նախագահը կորցրել է իրականության հետ կապը», - նշել է Ռոմնին:
Միթ Ռոմնին 2003-2007 թթ. Մասաչուսեթսի նահանգապետն է եղել, իսկ հետ երկու անգամ մասնակցել ԱՄՆ նախագահական ընտրություններին:





























