Եվրամիությունը պատրաստ է վերանայել հաջորդ շաբաթ ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու մտադրությունը, եթե ուկրաինական ուժայինների եւ ռուսամետ ակտիվիստների միջեւ հրադադարը պահպանվի, հայտարարել է Եվրախորհրդի ղեկավար Հերման Վան Ռոմպոյը ֆլամանդական VRT հեռուստաալիքի հետ զրույցում, փոխանցում է BBC-ի ռուսական ծառայությունը:

«Ռուսաստանը դժվարությամբ է համաձայնում լուրջ բանակցությունների: Հրադադարը կարեւոր քայլ է, սակայն դա միայն քայլ է, - ասել է Վան Ռոմպոյը: -  Եթե հրադադարը պահպանվի կամ հանգեցնի խաղաղ բանակցություններ սկսելուն, մենք պատրաստ ենք վերանայել պատժամիջոցները»:

Պատժամիջոցների նոր փաթեթը համաձայնեցվել էր Բրյուսելում` սեպտեմբերի 5-ին: Այն ընդլայնում է  այն անձանց եւ ընկերությունների քանակը, որոնց նկատմամբ մուտքային սահմանափակումներ եւ հաշիվների սառեցում են կիրրառվել,  ինչպես նաեւ դժվարացնում է ռուսական ընկերությունների հասանելիությունը համաշխարհային շուկաներին` էներգետիկ եւ պաշտպանական ոլորտներում:

Ռուսաստանը խոստացել է համարժեք պատասխան տալ, եթե այդ պատժամիջոցներն ուժի մեջ մտնեն: