Ադրբեջանը, Վրաստանն ու Թուրքիան մինչեւ 2014թ. վերջ էլեկտրաէներգիայի փոխմատակարարումների մասին պայմանագիր կստորագրեն, հայտարարել է Ադրբեջանի էներգետիկայի նախարար Նաթիգ Ալիեւը Բաքվում Արեւելյան գործընկերության անդամ երկրների էներգետիկայի նախարարների ոչ պաշտոնական IV հանդիպում-երկխոսության ընթացքում:
Նախարարը նշել է, որ Ադրբեջանում մշակվել եւ իրականացվում են Հարավային գազային միջանցքի նոր հայեցակարգեր, հայտնում է «Ինտերֆաքս-Ադրբեջանը»:
Ըստ Ալիեւի՝ հանդիպման հիմնական թեման կդառնա ածխաջրածինների արտահանման երթուղիների բազմազանեցումը եւ Արեւելյան գործընկերության անդամ երկրների էներգետիկ անվտանգության ապահովումը:
Իր հերթին Եվրահանձնաժողովի փոխնախագահ, էներգետիկայի հարցերով հանձնակատար Գյուտներ Էթինգերը նշել է, որ հաշվի առնելով ներկայումս աշխարհի քաղաքական իրադարձությունները` Եվրոպայի էներգաանվտանգության ապահովումը գլխավոր հարցերից է:
«Արեւելյան գործընկերության երկրները որոշակի հաջողությունների են հասել այս ուղղությամբ: Իրականացվել են մի շարք նախագծեր, սակայն մենք պետք է անենք ամեն ինչ էներգետիկ ոլորտում համագործակցությունն ընդլայնելու համար», - ասել է Էթինգերը:
Հանդիպմանը մասնակցում են նաեւ Վրաստանի, Մոլդովայի, Ուկրաինայի եւ Բելառուսի էներգետիկայի նախարարները:





























