Ռուսական տնտեսությունը վերջին տարիներին ենթարկվում է ներքին եւ արտաքին գործոնների բացասական ազդեցությանը: Այս մասին ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդեւը հայտնել է «Վեդոմոստի» թերթի հետ հարցազրույցում: «Իհարկե, տնտեսության զարգացման, մարդկանց կյանքի պայմաններն այժմ դյուրին չեն: Ես՝ որպես պետության ղեկավարներից մեկը, այնպիսի զգացողություն ունեմ, ասես 2008թ.-ից ի վեր ապրում ենք արտաքին ցնցումների պայմաններում, եւ դրանից առաջ էլ ամեն ինչ հարթ չէր», - ասել է կառավարության ղեկավարը:
Մեդվեդեւը նշել է, որ չնայած ստեղծված իրավիճակին, կառավարությունը մտադիր է շարունակել երկրի զարգացման բռնած ուղղությունը:
Միեւնույն ժամանակ Մեդվեդեւը խոստովանել է, որ ինչ-որ բաներ «պետք է շտկել եւ դիրքերը տեղաշարժել»:
«Մենք աճի ավելի բարձր տեմպեր ենք ակնկալում, այժմ մենք կարծում ենք, որ տնտեսությունն այս տարի կաճի 0,5%-ով, հնարավոր է՝ մի փոքր ավելի, հաջորդ տարի` 1%», - հայտնել է նա:





























