ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախկին նախարար Յուրի Վարդանյանի պատճառով  Կառավարությանը դատի տված նույն նախարարության նախկին աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանը հրաժարվել է իր հայցից:Այս մասին NEWS.am-ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից:

Դատական ակտում նշված է, որ հայցվորը ամբողջությամբ հրաժարվում է ներկայացված հայցից` խնդրելով կարճել գործի վարույթը։

Նշենք, որ Վահե Էլոյանը պահանջում էր իրեն վերականգնել աշխատանքում, ինչպես նաեւ վճարել հարկադիր պարապուրդի ժամանակահատվածի համար միջին աշխատավարձը:

NEWS.am-ի թղթակիցը փորձեց Վահե Էլոյանից  ճշտել, թե ինչն էր հայցից հրաժարվելու պատճառը եւ արդյոք որեւէ աշխատանքի անցել է, թե ոչ: Նա, ինչպես միշտ, այս անգամ եւս չպատասխանեց մեր հարցերին. «Այդ մի բանն էլ մի իմացիր, այդ հարցով ինձ մի անհանգստացրու»,- նշեց Վահե Էլոյանը:

Հիշեցնենք, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը հունիսի 6-ին աշխատանքից ազատել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության նախարարության աշխատակազմի ղեկավար Վահե Էլոյանին: Ի դեպ, Վ. Էլոյանը աշխատակազմի ղեկավար էր 2009 թվականից; Մինչ այդ երկար տարիներ աշխատել է Ազգային Ժողովում: Սկզբից հայտարարվել էր, որ նա աշխատանքից ազատվում է իր դիմումի համաձայն, սակայն հետո պարզ դարձավ, որ վերջինս աշխատանքից ազատման դիմում չի գրել, նախարարի հրամանով տեղափոխվել է մեկ այլ աշխատանքի, նշանակվել էր նախարարի օգնական: Այս աղմակահարույց պաշտոնանկության վերաբերյալ ԲՀԿ-ական պատգամավորները այն ժամանակ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարար Յուրի Վարդանյանին հարցեր էին ուղղում, պարզաբանումներ պահանջում: Փաստորեն, Յուրի Վարդանյանի պաշտոնանկությունից հետո նախկին աշխատակազմը ղեկավարը ետ է վերցրել Կառավարության դեմ ներկայացված հայցը: