Դատախազ Գեւորգ Գեւորգյանը այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանին միջնորդեց «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանին մեղավոր ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 258 հոդվածի 4 մասի հատկանիշներով առաջադրված մեղադրանքում եւ դատապարտել նրան 7 տարվա ազատազրկման։
Նշենք, որ 7 տարին սույն հոդվածով (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) նախատեսվող առավելագույն պատիժն է։
Դատական նիստը շարունակվում է. դատախազը ներկայացնում է «Նոյեմբերի 5-ի» գործով մյուս ամբաստանյալների պատժաչափի իր միջնորդությունները։
Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան:





























