Ավստրիան անհանգստացած է Ադրբեջանում մարդու իրավունքների հետ կապված իրավիճակից: Այս մասին Երեւանում սեպտեմբերի 8-ի մամուլի ասուլիսում հայտարարել է Ավստրիայի արտգործնախարար Սեբաստյան Կուրցը:
Պատասխանելով այն հարցին, որ չնայած մարդու իրավունքների հետ ունեցած խնդրներին, Ադրբեջանը նախագահում է ԵԽ Նախարարական կոմիտեում, ավստրիացի նախարարը հիշեցրել է, որ նախագահությունը որոշվում է ոչ թե արժանիքների համար, այլ այբբենական կարգով: «Պետք է հստակ տարբերակել մարդու իրավունքների եւ նախագահության իրավիճակը: Ադրբեջանը չի ընտրվել, այլ նախագահում է այբբենական կարգով: Դա կարեւոր փաստ է», - նշել է նախարարը:
Ինչ վերաբերում է մարդու իրավունքների հետ կապված իրավիճակին, Վիեննան մտահոգված է Ադրբեջանում տիրող իրադրությունից: Սեբաստյան Կուրցը հիշեցրել է, որ Ավստրիան կարեւորում է մարդու իրավունքները: «Շուտով կմեկնեմ Ադրբեջան եւ բոլոր հնարավորությունները կօգտագործեմ մարդու իրավունքների հետ կապված իրավիճակի քննարկման համար: Հատկապես՝ քաղբանտարկյալների հետ կապված իրավիճակի»,- ընդգծել է Ավստրիայի արտգործնախարարը:





























