Դատախազ Գեւորգ Գեւորգյանը այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարանին միջնորդեց «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանի 15-ամյա որդուն՝ Շահեն Հարությունյանին մեղավոր ճանաչել 258 հոդվածի 4-րդ մասով նրան առաջադրված մեղադրանքում (խուլիգանություն, որը կատարվել է զենքի կամ որպես զենք օգտագործվող առարկաների գործադրմամբ) եւ դատապարտել 5 տարվա ազատազրկման։

Նշենք, որ նույն հոդվածով մեղադրվող՝ Շանթ Հարությունյանի համար դատախազը պահանջել էր այդ հոդվածով նախատեսվող առավելագույն պատիժ՝ 7 տարի։

«Նոյեմբերի 5-ի» գործով ամբաստանյալ Վարդան Վարդանյանին դատախազը միջնորդեց դատապարտել 6 տարի, Ավետիս Ավետիսյանին՝ 6 տարի, 6 ամիս, Լիպարիտ Պետրոսյանին՝ 6 տարի, 6, ամիս, Վահե Մկրտչյանին՝ 8 տարի, 6 ամիս, Ալբերտ Մարգարյանին՝ 8 տարի, Մկրտիչ Հովհաննիսյանին՝ 5 տարի, 6 ամիս, Հայկ Հարությունյանին՝ 6 տարի, Սեւակ Մնացականյանին՝ 4 տարի, Տիգրան Պետրոսյանին՝ չորս տարի, Արմեն Հովհաննիսյանին՝ 4 տարի , Ալեք Պողոսյանին` 6 տարի ժամկետով ազատազրկման, իսկ Միսակ Առաքելյանին նշանակել տուգանք՝ 50 հազար դրամի չափով։

Հիշեցնենք, որ «Ազգային միացյալ նախաձեռնության» ղեկավար Շանթ Հարությունյանը, 2013թ. նոյեմբերի 5-ին, իր մոտ հարյուր աջակիցների հետ Գայ Ֆոքսի դիմակներով «Անոնիմուսների երթ» էր սկսել դեպի նախագահի նստավայր։ Սակայն ոստիկանները Մաշտոցի պողոտայում կասեցրել էին երթը, տեղի էին ունեցել բախումներ, հնչել էին պայթյուններ, ոստիկանները բերման էին ենթարկել 38 ակտիվիստների, այդ թվում՝ Շանթ Հարությունյանին եւ նրա որդուն։ Բախումների հետեւանքով տուժել էր 16 մարդ, այդ թվում ութ ոստիկան: