Անհրաժեշտ է, որպեսզի Հայաստանն ու Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի հարցով մեկական հատուկ խորհրդական նշանակեն, որոնք կարող են պարբերաբար հանդիպել: Այս մասին սեպտեմբերի 8-ի մամուլի ասուլիսում հայտարարել է բրիտանացի փորձագետ, «Քարնեգի» հիմնադրամի վերլուծաբան Թոմաս դը Վաալը: Ըստ նրա՝ իհարկե, վատ չէ, որ վերսկսել են նախագահների հանդիպումները Սոչիում եւ Ուելսում: «Հուսով եմ, որ հանդիպում կլինի նաեւ երեք համանախագահների հետ, քանի որ վերջին երկու հանդիպումները տեղի են ունեցել առանց նրանց: Կարող է հանդիպում տեղի ունենալ Նյու Յորքում` ՄԱԿ-ի հովանավորությամբ: Կարծում եմ, որ հանդիպոմ կլինի նաեւ հոկտեմբերին Փարիզում` Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդի հրավերով:

Սակայն ըստ իս, բազմաթիվ չլուծված հարցեր կան, եւ վստահությունն այնքան ցածր է, որ ավելի լուրջ գործընթաց է հարկավոր` երկու կողմերի փորձագետների մասնակցությամբ», - նշել է Դե Վաալը: Նա ընդգծել է, որ այժմ եւ Բաքվում, եւ Երեւանում, եւ Ստեփանակերտում առավելագույնը  2-3 մարդ է մասնագիտորեն զբաղվում այդ հարցով, դա շատ քիչ է:  «Պետք է, որպեսզի 1990-ականների նման մարդկանց մի ողջ խումբ զբաղվի լուրջ հարցերով: Կան բազմաթիվ հարցեր, որոնք պետք է լուծվեն. Լաչինի անվտանգության հարցը, փախստականների իրավունքների հարցը, Լեռնային Ղարաբաղի կարգավիճակը եւ այլն:  Այդ պատճառով էլ ողջունում եմ  բանակցությունների կառուցողականության վերաբերյալ շվեյցարացիների առաջարկը, որպեսզի ոչ միայն նախագահների հանդիպումներ տեղի ունենան ամսական երկու անգամ, այլ որպեսզի ավելի լուրջ բանակցություններ լինեն», - հայտարարել է Թոմաս դը Վաալը՝ նշելով, որ  չպետք է հույսը դնել միայն երեք համանախագահների վրա, եւ արդեն ուղիղ բանակցությունների ձեւաչափ է անհրաժեշտ: