Պարզ է, որ պաշտպանության նախարարությունը չպետք է միջամտի Հայաստանի մշակութային քաղաքականությանը: Այդ մասին այսօր՝ սեպտեմբերի 8-ին, Հայաստանի խորհրդարանում հայտարարեց ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանը՝ մեկնաբանելով Մարզահամերգային համալիրը պաշտպանության նախարարությանը փոխանցելու իրողությունը:

«Պաշտպանության նախարարության գործառույթն այլ է, այն չպետք է մշակութային քաղաքականություն իրականացնի, կառավարի հուշարձանները: Կան շատ տարրական կանոններ, եւ մարդու սիրտը պարզապես պետք է ցավի նմանատիպ բաներ թույլ տալու համար», - հայտարարեց Մանուկյանը:

Անտարբերության եւ գործամոլության պատճառով մեկը մյուսի հետեւից տուժում են հուշարձանները: «Նայեք, օրինակ, ինչի՞ է վերածվել Հանրապետության հրապարակը: Կորել է նրա հոյակերտությունը, քանի որ շուրջբոլորը մեկը մյուսի հետեւից բարձրահարկեր են կառուցվում», - հավելեց նա: 

«Ցավոք, մեր երկրի ղեկավարը ցանկության դեպքում կարող է մշակույթի ցանկացած հուշարձան վերածել ամեն հնարավոր բանի, ինչպես դա տեղի ունեցավ Ծածկած շուկայի դեպքում», - հայտարարեց Մանուկյանը:

Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրը բյուջեին պարտքի պատճառով 7 անգամ աճուրդի է հանվել: Գնորդներ չհայտնվելու պատճառով կառավարությունը օգոստոսի 21-ին այն հանձնել է պաշտպանության նախարարությանը: