ՀՀ արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը ՆԱՏՕ-ի գագաթաժողովում ընդունված փաստաթղթի դրույթները ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների մոտեցումներին հակասող է համարում: Իր տեսակետը նա հայտնել է ավստրիացի գործընկեր Սեբաստիան Կուրցի հետ Երեւանում սեպտեմբերի 8-ին կայացած համատեղ մամուլի ասուլիսում:

Էդվարդ Նալբանդյանը հիշեցրել է, որ ՆԱՏՕ-ն քանիցս հայտարարել է, թե չի զբաղվում ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցով: «Մինսկի խմբի երկու համանախագահները Հյուսիսատլանտյան դաշինքի անդամ են: Չնայած դրան՝ ՆԱՏՕ-ի վերջին գագաթաժողովների ընթացքում՝ գագաթաժողովից գագաթաժողով որոշ փոփոխություններով, նաեւ վերջին` Ուելսի գագաթաժողովի ժամանակ այն դրույթում, որը վերաբերում է Մոլդովայում եւ Հարավային Կովկասում հակամարտությունների կարգավորմանը, ներառվել են ձեւակերպումներ, որոնք ընդհանրացված կամ ընտրովի մոտեցում են արտահայտում, ինչը չի համապատասխանում եռանախագահների կողմից արված առաջարկներին, հնչեցված գաղափարներին եւ մոտեցումներին, չի համապատասխանում նաեւ այն բազմաթիվ հայտարարություններին եւ որոշումներին, որոնք ընդունվել են վերջին տարիների ընթացքում` ԵԱՀԿ շրջանակներում:

Դա, իհարկե, վնաս է հասցնում բանակցային գործընթացին, վնաս է հասցնում նաեւ տարածաշրջանում կայունությանը եւ անվտանգությանը։ Դա նպաստում է նրան, որ Ադրբեջանը ավելի եւ ավելի է կտրվում իրականությունից, եւ իր ռազմատենչ հռետորաբանությամբ ու քաղաքականությամբ հակառակ է գնում հիմնախնդրի կարգավորման` միջազգային հանրության մոտեցմանը։ Ես կցանկանայի նշել, որ ընտրովի մոտեցումը սկզբունքներին հակասում է միջազգային իրավունքին, ՄԱԿ-ի Կանոնադրությանը, նաեւ` Հելսինկյան Եզրափակիչ ակտին:

Ուկրաինայի վերաբերյալ կարող եմ ասել, որ մենք ողջունում ենք հրադադարի ձեռքբերման պայմանավորվածությունները եւ հուսով ենք, որ դրանք կյանքի կկոչվեն, արդեն սկսել են կյանքի կոչվել, եւ դա ճանապարհ կբացի բանակցային սեղանի շուրջ լուծումներ գտնելու, հարատեւ կարգավորման գնալ»,-ասել է նախարարը:

Իր հերթին Ավստրիայի արտգործնախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել է, որ Ավստրիան ՆԱՏՕ-ի անդամ չէ, եւ այդ պատճառով էլ հարցի այդ մասը չի մեկնաբանի: «Սակայն ցանկանում եմ ասել, որ երբ մենք խոսում ենք զինված  հակամարտությունների մասին, անընդհատ հույս ունենք խաղաղ լուծում գտնել: Վիեննան պատրաստ է աջակցել նրանց, ովքեր ցանկանում են քաղաքական երկխոսություն սկսել: Նոյեմբերին Վիեննայում հանդիպում եղավ (Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների): Հուսով եմ` այն  օգտակար եղավ: Հուսով եմ նաեւ, որ երկխոսությունը կհաղթի, եւ հակամարտություններ այլեւս չեն լինի», - հայտարարել է նախարարը:

Հիշեցնենք, որ Ուելսում ՆԱՏՕ-ի անդամների կողմից ընդունված վերջնական հռչակագրում նշվում է, որ Դաշինքը կշարունակի աջակցել Հարավային Կովկասում եւ Մոլդովայի Հանրապետությունում խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերը` միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության եւ Հելսինկյան եզրափակիչ ակտի սկզբունքների հիման վրա:  Այդ կապակցությամբ դաշնակիցները կշարունակեն աջակցել գործընկերների իրավունքը` «արտաքին եւ անվտանգության քաղաքականությունում ինքնուրույն եւ առանձին որոշում կայացնելու վերաբերյալ, ազատ արտաքին ճնշումից եւ հարկադրանքից: Դաշնակիցները նախկինի պես հավատարիմ են Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի եւ Մոլդովայի Հանրապետության տարածքային ամբողջականությանը եւ ինքնավարությանը»: