Ավստրալիայի արտգործնախարար Ջուլի Բիշոփը կարծում է, որ «Իսլամական պետություն» (ԻՊ) խմբավորումը լիովին ոչնչացնել հնարավոր չէ՝ չնայած ԱՄՆ-ի՝ այդ նպատակով կոալիցիա կազմելու ծրագրերին:

«Կարծում եմ, որ այդ ոչնչացումը անհնարին է: Արդյոք մենք ոչնչացրի՞նք «Ալ-Քաիդային», - արտաքին գերատեսչության ղեկավարի խոսքերը մեջբերում է Sydney Morning Herald-ը:

Ընդ որում, Ավստրալիայի արտգործնախարարը նշել է, որ ԻՊ խմբավորումը իր գաղափարախոսությունն ունեցող ռազմական ուժ է, եւ դրանով իսկ դժվարություններ է ստեղծում խմբավորումը ոչնչացնել փորձող արեւմտյան երկրների համար:

Ջուլի Բիշոփն ընդգծել է, որ ԱՄՆ-ի կողմից առաջարկվող կոալիցիայի նպատակը «ԻՊ-ի՝ Սիրիայի եւ Իրաքի սահմաններից դուրս տարածումը կանգնեցնելն է՝ զանգվածային սպանություններն ու պոտենցիալ ցեղասպանությունը կանխելու նպատակով», - հաղորդում է «Ռոսբալտը»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱՄՆ-ի իշխանությունները Սիրիայում եւ Իրաքում գործող ԻՊ-ի զինյալների դեմ պայքարում աջակցություն ցուցաբերող երկրներից կոալիցիա կստեղծի: