ԱԺ աշնանային նստաշրջանի առաջին` սեպտեմբերի 8-ի նիստը դեռ իր մեկ ժամը չէր բոլորել, երբ ՀՀԿ-ական մի քանի պատգամավորներ լքեցին դահլիճը: Նրանց թվում էին Առաքել Մովսիսյանը (Շմայս), Աշոտ Աղաբաբյանը (Բուռնաշ) եւ Նահապետ Գեւորգյանը (Նավո), իսկ Սամվել Ալեքսանյանը նիստին ներկա չէր:
Նահապետ Գեւորգյանն այդպես էլ չպատասխանեց այն հարցին, թե ինչու պատգամավորները չանսացին ՀՀ նախագահ եւ ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարսգյանի պահանջին` չբացակայել խորհրդարանի աշխատանքներից:
«Ես ձեզ ասացի, որ ներկա չեմ եղել նիստին, տեղյակ չեմ», - ասաց Նահապետ Գեւորգյանը:
Չեք էլ կարդացե՞լ նիստի մասին, հարցը Նահապետ Գեւորգյան անպատասխան թողեց եւ շարունակեց քայլել միջանցքով: Երբ լրագրողները, կիսաշրջան կազմելով, փակեցին նրա ճանապարհը եւ կրկնեցին հարցը, Գեւորգյանը ասաց. «Չեք ամաչո՞ւմ դուք: Ես ձեր պահվածքից ամաչում եմ»:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 6-ին` ՀՀԿ խորհրդի նիստում, Սերժ Սարգսյանը շեշտել էր, որ պատգամավորների համար ԱԺ նիստերի բացակայելն անթույլատելի է եւ նման է դասալքության:
«Ամենագլխավոր խնդիրը պատգամավորի համար օրենսդրական գործունեությունն է, մնացած բոլոր խնդիրները, այդ թվում՝ նաեւ անձնական, ես հասկանում եմ, բոլորս էլ մարդ արարած ենք, բոլորս էլ հարցեր, խնդիրներ ենք ունենում, բայց այն իրավիճակում, որն այսօր ստեղծվել է, օրենսդիր գործունեությունը ես համարում եմ ձեր կարեւորագույն խնդիրը», - ասել էր նախագահը:





























