«Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի» կազմակերպած հերթական «Ձեւավոր վարման առաջնությունը» տեղի ունեցավ Աբովյան քաղաքում սեպտեմբերի 7-ին: Առաջնությանը մասնակցող 35 ավտովարորդներից երկրորդ փուլ անցավ 20-ը։ Մասնակիցների խնդիրն էր հնարավորին արագ եւ առանց տուգանային միավորների հաղթահարել մրցուղին եւ հասնել վերջնագիծ։ Նշենք, որ առաջնությունն անցկացվում էր «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության տրամադրած «Տոյոտա Կորոլլա» մակնիշի ավտոմեքենայով։

«Այս առաջնությունն անցկացվում է 2011թ-ից, եւ առաջնությանը մասնակցում են Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի կողմից լիցենզավորված մարզիկները։ Մասնակիցները ինչպես Երեւանից են, այնպես էլ մարզերից»,- NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի» նախագահ Գագիկ Աղաջանյանը։

Առաջնության գործընկեր «Ինգո Արմենիա» ապահովագրական ընկերության զարգացման  վարչության ղեկավար Վիգեն Կտիկյանը նշեց, որ այս առաջնությամբ  սկիզբ է դրվում «Հայաստանի ավտոմոբիլային ֆեդերացիայի» եւ ապահովագրական ընկերության միջեւ երկարաժամկետ համագործակցության ։

«Համագործակցությունը մի քանի ուղղություններով է լինելու, որոնցից հատկանշական է մեր արագ արձագանքման խմբի վարորդների վերապատրաստումը ֆեդերացիայում, ինչը կնպաստի մատուցվող ծառայությունների որակի բարձրացմանը: Հնարավոր է՝ ձեւավորվի «Ինգո Արմենիա» թիմ, որը կմասնակցի ֆեդերացիայի կազմակերպած միջոցառումներին»,-ասաց Վիգեն Կտիկյանը։

Ապահովագրական ընկերության ներկայացուցչի խոսքով՝  համագործակցության նպատակն է նաև ավտովարորդների հմտությունների բարձրացումը, ինչի արդյունքում կնվազի պատահարների եւ հատկապես դժբախտ պատահարների թիվը։

«4×4» ավտոակումբի հմնադիր,  «Ադրենալին» էքստրեմալ սպորտաձեւերի  ֆեդերացիայի նախագահ Արտաշես Ստեփանյանը կարեւորեց նման առաջնությունների կազմակերպան անհրաժեշտությունը Հայաստանում։

«Ողջունելի է, որ ավտոմոբիլային ֆեդերացիան նման ինտենսիվությամբ ավտոմոբիլային առաջնություններ է կազմակերպում։ Ճիշտ է՝ կազմակերպման մակարդակը բարձր է, սակայն Հայաստանում չկա նման առաջնությունների  անցկացման համար մրցուղի։ Առաջնությունն անցկացվում է հասարակական նշանակության ասֆալտապատ վայրերում, այսինքն՝ չունենք տարածք, որտեղ կանցկացվեն առաջնություններ եւ մարզումներ։ Չնայած մի կողմից էլ դա լավ է, քանի որ մեր մարզիկները սովորելով այս բարդ պայմաններում, միջազգային մրցումներին ավելի մեծ հաջողությունների կհասնեն, ավելի հեշտ կլինի իրենց համար»,-հավելեց նա։

Նշենք, որ «Ձեւավոր վարման առաջնության» երկրորդ փուլը տեղի կունենա մեկ ամիս անց Երեւանում, որին կմասնակցի առաջին փուլը հաղթահարած 20 ավտովարորդ։

Լուսանկարը՝  Արսեն  Սարգսյանի/NEWS.am